Իսրայելը պատրաստ է գործել  Կարմիր ծովում նավագնացությունը խափանելու Եմենի հութի ապստամբների փորձերի դեմ, եթե միջազգային հանրությունը չկարողանա դա անել, շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև եվրոպական առաջնորդների հետ հութիների հարձակումների մասին առևտրային նավերի վրա, որոնք ենթադրաբար կապված են Իսրայելի հետ, ասել է Հանեգբին Իսրայելի 12-րդ ալիքին։

«Իսրայելը ժամանակ է տալիս աշխարհին կազմակերպվելու՝ սա կանխելու համար, բայց եթե գլոբալ համաձայնություն չլինի, քանի որ սա գլոբալ խնդիր է, մենք կգործենք  այս ծովային պաշարումը վերացնելու համար», - ասել է Հանեգբին:

Եմենի հութիները շիա քաղաքական և ռազմական կազմակերպություն է, որը դեմ է հանդես գալիս 2014 թվականից Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կոալիցիային: 

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո նրանց ակտիվությունը ծովում կտրուկ մեծացել է։

Ավելի վաղ  ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերն արդեն հայտնել էին Կարմիր ծովում Իսրայելի դեմ հութիների գործողությունների մասին։