Նոյեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշը կազմել է 0,5 տոկոս։ Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը կազմել է 0 տոկոս։ «Այս տարի մենք ակնկալում ենք զրո գնաճ։ Արտաքին պահանջարկը դանդաղում է, իսկ ներքին պահանջարկը մնում է բարձր, ինչը կապված է սպառման բարձր մակարդակի հետ։ Աշխատավարձի աճի տեմպերի և գնաճային սպասումների որոշակի անկում կա»,- նշեց Գալստյանը։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը պարզաբանեց, որ միջնաժամկետ հեռանկարում 12-ամսյա գնաճը կկայունանա նպատակային 4 տոկոս մակարդակում։ «Նպատակը կիրականացվի մինչև հաջորդ տարվա վերջ»,- ընդգծել է նա։