Ձմեռ պապի տոնական զարդարված գնացքը ժամանել է Մոսկվա Բելառուսական կայարանում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ամանորյա գնացքի կանգառը տեւելու է ժամը 10.00-ից 22.00-ն, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել տոնական ծրագրին, ինչպես նաեւ համտեսել հյուսիսային խոհանոցի կերակուրները վագոն-ռեստորանում եւ այցելել վագոն-կրպակ, որտեղ կարելի կլինի գնել հուշանվերներ՝ ձմեռային գլխարկներ, շարֆեր եւ ուսապարկեր։
«Այս տարի գնացքը արդեն անցել է 23 հազար կիլոմետր եւ այցելել 61 քաղաք (Ռուսաստանում)։ Ավելի քան 270 հազար մասնակիցներ այցելել են գնացք»,- լրագրողներին տեղեկացրել է «ՌԵՈւ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իվան Կոլեսնիկովը։
Հաջորդ կանգառը Մուրոմն է Վլադիմիրի մարզում, դեկտեմբերի 28-ին, ժամը 11.10-ին։ Հեռացող տարվա վերջին օրը գնացքը կլինի Պետրոզավոդսկում։
Գնացը մեկնարկել է նոյեմբերի 11-ին Վելիկի Ուստյուգից, որտեղ ձմեռ պապի նստավայրն է։ Ուղեւորությունը տեւելու է 64 օր եւ ավարտվելու է Վելիկի Ուստյուգում 2024թ. հունվարի 13-ին։ Այս սեզոնին գնացքը կայցելի ավելի քան 80 քաղաքներ եւ կանցնի 32 հազար կիլոմետր։





























