Բանկերի՝ իրենց կապիտալի նկատմամբ շահութաբերությունը նախորդ տարի հունվար-նոյեմբերին եղել է մոտ 21 տոկոս, այս տարի կունենանք 17-18 տոկոս: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:
«Եթե մենք նայենք այդ շահութաբերությունը 2014-2020 թվականներին, այն եղել է 5-7 տոկոսի մակարդակում: Բայց եթե համեմատենք ընդհանուր այլ ճյուղերի շահութաբերության հետ, ապա կապիտալի վրա 15-20 տոկոս շահութաբերությունը շատ բարձր չէ»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ է տվել շահութաբերության նման կտրուկ աճը տնտեսությանը, նա պատասխանեց. «Շատ բան է տվել: Մենք ապրում ենք շատ մեծ անորոշությունների մեջ, եւ դա մեր բանկային համակարգին տվել է կայունություն: Դա է պատճառը, որ մենք 2020-ից ի վեր այդքան շոկերի միջով անցնելով, ֆինանսական կայունության խնդիր չենք ունեցել»:
Ինչ վերաբերում է անկանխիկ գործառնություններին, Նուրիբեկյանն ասաց, որ 2023-ին ունեցել ենք շատ էական ծավալային աճեր, որոնք դեռեւս շարունակվելու են. «Ունենալու ենք նաեւ կողմնակի դրական էֆեկտներ, որովհետեւ տնտեսության մեջ թափանցիկությունն էապես աճելու է»:





























