Գազայի հատվածի կենտրոնական մասում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվել է 21 իսրայելցի զինծառայող, տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Նա նշել է, որ հունվարի 22-ին ՑԱԽԱԼ-ի զինվորները մտել են երկու երկհարկանի շենք Գազայի հատվածում, իսրայելական Կիսուֆիմ կիբուցից մոտ 600 մետր հեռավորության վրա, եւ պայթուցիկ են տեղադրել։ Նրանք պատրաստվում էին պայթեցնել այդ կառույցները ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացման շրջանակում։

Այնուհետեւ ՀԱՄԱՍ-ի անդամները հակատանկային հրթիռ են արձակել այն տանկի դեմ, որն ապահովում էր զինվորականներին։ Դրա հետ միաժամանակ երկու շենքերում որոտացել է պայթյուն, եւ զինվորականները հայտնվել են փլատակների տակ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 21 զինվորականների մահն անվանել է «ամենածանր օրերից մեկը պատերազմի սկզբից ի վեր» եւ ցավակցություններ է հայտնել զոհվածների ընտանիքներին։ «Բանակը սկսել է միջադեպի հետաքննությունը։ Մենք պետք է դասեր քաղենք եւ անենք ամեն բան, որպեսզի ապահովենք մեր զինվորների անվտանգությունը»,- ասել է նա։

Նշենք, որ իսրայելական մի շարք աղբյուրներ գրել են, որ զոհվել է 24 հոգի։

Զինվորականների մերձավորներին ցավակցություններ են հայտնել նաեւ կնեսետի (խորհրդարան) նախագահ Իսրայել Ամիր Օհանան եւ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը։ Վերջինը զինվորների մահն անվանել է «բարձր գին, որը ստիպված ենք վճարել արդարացի պատերազմի համար»։ «Այս դժվար առավոտ մենք պետք է միավորվենք եւ հիշենք այն բարձրագույն նպատակը, հանուն որի՝ հանուն մեր ապագայի ապահովման, զոհվեցին մեր հերոսները»,- ասել է Գանցը։

ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմը շարունակվում է 2023թ. հոկտեմբերի 7-ից։ Իսրայելական կողմի տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից զոհվել է ՑԱԽԱԼ-ի 552 զինծառայող։