Հանրապետությունում մեկնարկել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացը։ Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ արդեն իսկ ձևավորվել են մարզպետարանների, համայնքների ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

«Խնդրում ենք գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, այն իրականացնել՝ միմիայն հաշվի առնելով առկա կենդանիների գլխաքանակը:

Չհամարակալված խոշոր եղջերավոր կենդանիների առկայության դեպքում խնդրում ենք դիմել հաշվառումն իրականացնող անասնաբույժ-մասնագետին կամ զանգահարել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ հետևյալ հեռախոսահամարով՝ 012-595-939։ Չհամարակալված խոշոր եղջերավոր կենդանիները պետք է անմիջապես համարակալվեն համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից և գրանցվեն «Անի պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում։

Հարկ է նշել, որ կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը ֆինանսական բեռ չի ավելացնում գյուղացու կամ ֆերմերի համար։ Ուստի խնդրում ենք ոչ միայն չխոչընդոտել, այլև աջակցել հաշվառումն իրականացնող խմբերին»,-նշված է հայտարարության մեջ։