Գերմանացի պատգամավոր Շտեֆեն Կլաուդիո Լեմեն հերքում է ադրբեջանական մամուլի կողմից իրենց վերագրված` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու մասին հայտարարությունը, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ եւ Բունդեսթագի պատգամավոր Լեմեն հերքել է ադրբեջանական Trend գործակալության կողմից հոկտեմբերի  7 –ին տարածած այն  տեղեկությունը, ըստ որի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը պատգամավորը «կեղծ» է համարել: Պատգամավորը լրագրողից հերքում է պահանջել. «Ես ցեղասպանությունը կեղծ չեմ համարել: Իմ կարծիքով, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականցված ցեղասպանությունը պատմական  փաստ է: Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը, եթե ԵՄ հետ բանակցությունները մոտենան հաջող ավարտին»,-նշել է նա:

«Ես չեմ կարող հանդուրժել նման կեղծ հրապարակումները:  Ես Trend –ի պատասխանատու լրագրողին կոչ եմ անում անհապաղ հերքում հրապարակել»,-ավելացրել է պատգամավորը: