Հայաստանում գրանցված է ընդամենը 63 700 իրավաբանական անձ, այդ թվում 56 հազար միկրոձեռնարկություն։ Այս մասին հունվարի 29-ի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նա նշել է, որ Հայաստանում կա ընդամենը 7 650 ընկերություն, որոնք տնտեսական կառուցվածք են ստեղծում եւ էական ազդեցություն գործում տնտեսության զարգացման վրա. 6 400-ը մանր ընկերություններ են, մոտ 1 000-ը՝ միջին եւ 260-ը՝ խոշոր (251 եւ ավելի աշխատողով)։

Մակարյանն ավելացրել է, որ 15 խոշոր հարկատուների ցուցակում գրեթե փոփոխություններ չեն կատարվում։ «Առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է։ Առաջին տասնյակում գերազանցում են այն ընկերությունները, որոնք զբաղվում են ծխախոտի արտադրությամբ։ Աստիճանաբար առաջատարների մեջ են մտնում նաեւ բանկերը։ Չնայած շինարարական բումին՝ շինարարական ընկերությունները զբաղեցնում են 50-րդից ոչ բարձր տեղեր։ Առաջին տասնյակը վճարում է հարկերի 20 տոկոսը, որոնք մտնում են բյուջե։ Համեմատության համար. այդ նույն առաջին տասնյակը Գերմանիայում վճարում է հարկերի 2,5 տոկոսը»,- ընդգծել է նա։

Փորձագետը նշել է, որ առաջին հարյուրյակը վճարում է 2,6 մլրդ դոլարի հարկեր, որոնք մտնում են բյուջե, մինչդեռ 1 010 ամենախոշոր հարկատուները Հայաստանում միասին վճարում են 4 մլրդ դոլարի հարկեր, իսկ մնացած ընկերությունները (7 650) վճարում են մոտ 900 մլն դոլար։

Նա նշել է, որ արտահանման եւ ներմուծման կառուցվածքը 10-12 տարիների ընթացքում չի փոխվել։ «Հայաստանը հիմնականում ներկրում է վառելիք, սարքավորումներ, կոնվեյերներ, ավտոմեքենաներ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք մետաղներ, դեղորայք, պլաստմասսայե եւ մետաղե իրեր, օպտիկական սարքավորումներ կաթնամթերք, հացահատիկեղեն, տեքստիլ եւ այլն։ Հայաստանից արտահանվում են լեռնարդյունահանվող մետաղ, ալկոհոլային արտադրանք, ծխախոտ, ադամանդե իրեր, վերամշակված մետաղական իրեր, տեքստիլ, ձկնեղեն, բանջարեղեն, պահածոներ եւ այլն»,- ասել է Գագիկ Մակարյանը։

ՀԿ նախագահը հատկանշական է համարել, որ Հայաստանում կտրուկ ավելացել է կենցաղային տեխնիկայի ներմուծումը, որը վերարտահանվում է Ռուսաստան Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների կողմից։