Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ելույթ ունենալով Թել Ավիվում կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում, իր գլխավոր ռազմական նպատակն է անվանել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ոչնչացումը, հայտնում է Times of Israel-ը։

«Ես ուզում եմ հստակեցնել մեր քաղաքականությունը. գլխավոր նպատակն առաջին հերթին ՀԱՄԱՍ-ի վերացումն է»,- ասել է նա։

Այս առումով Նաթանյահուն երեք պայման է դրել դրա իրականացման համար. ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակների ոչնչացում, որոնց 24-ից 17-ը, Իսրայելի հայտարարության համաձայն, ջախջախվել են,  մաքրման գործողությունները, որոնք, ըստ նրա, ՑԱԽԱԼ-ն իրականացնում է հյուսիսային և կենտրոնական հատվածներում հարձակումների միջոցով, և ՀԱՄԱՍ-ի թունելային ցանցի վնասազերծումը, «ինչն ավելի շատ ժամանակ է պահանջում»:

Նաթանյահուն ասել է, որ Իսրայելը չի ​​դադարեցնի պատերազմը, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին՝ «ՀԱՄԱՍ-ի վերացումը, մեր բոլոր պատանդների վերադարձը և այն բանի ապահովումը, որ Գազան այլևս երբեք սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»:

Մեկնաբանելով պատանդների հետ կապված հնարավոր գործարքը՝ Նաթանյահուն ասել է, որ չի համաձայնի «ամեն մի գործարքի և ոչ մի գնով»։

Նա հավելել է, որ մեծ թվով պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման համաձայնության մասին մամուլի հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: