Վրացի փրկարարները գտել են եւս մեկ մարդու դի Արեւմտյան Վրաստանի Բագդաթի շրջանի Ներգեթի գյուղում։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է չորսի, լրագրողներին ասել է հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին։

«Փրկարարական միջոցառումների արդյունքում գտնվել են չորս մարդկանց մարմիններ։ Որոնվում է եւս հինգ մարդ։ Աշխատանքներին ներգրավված են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ, կինոլոգների խումբը։ Լրացուցիչ տեխնիկա է բերվում»,- ասել է Մգեբրիշվիլին։

Նա ավելացրել է, որ օրվա վերջին սողանքի տարածքը մաքրվել է։ Լրացուցիչ ուժերի ներգրավում ներկա պահին չի նախատեսվում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություններ է հայտնել սողանքի հետեւանքով մահացածների հարազատներին եւ մերձավորներին։