Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստ է քննարկել «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու հարցը:

Այս մասին նշվել է այսօր` նոյեմբերի 4-ին, Երեւանում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՎԶԵԲ-ի փոխնախագահ Յան Ֆիշերի հանդիպման ժամանակ: Նա Հայաստան է ժամանել մեր երկրի համար նոր ռազմավարության մշակման գործում Եվրոպական բանկի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով: Հանդիպմանը, մասնավորապես, արծարծվել է սահմանային անցակետերի վերակառուցման եւ արդիականացման գործում ՎԶԵԲ-ի մասնակցության հարցը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ: Մեծ ճանապարհ ենք անցել, ունենք նվաճումներ, որոնցով հպարտանում ենք, ունենք նաեւ խնդիրներ, եւ Ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա անելիքները»:

Յան Ֆիշերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ անդրադարձել ՎԶԵԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նոր ռազմավարության հիմնական դրույթներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ՎԶԵԲ-ը կարեւորում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնման եւ մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացումը:

Նշելով, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները համընկնում են, Տիգրան Սարգսյանն ընդգծել է ՓՄՁ վարկավորման գործիքների բազմազանության խթանման անհրաժեշտությունը եւ կարեւորել Եվրոպական բանկի կողմից տեխնիկական օժանդակության տրամադրումը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել առողջապահության, կենսաթոշակային, ֆինանսական հատվածի եւ ապահովագրության բնագավառներում գործակցության զարգացումը: Յան Ֆիշերը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու հարցը:

ՎԶԵԲ-ի փոխնախագահը նաեւ բարձր է գնահատել ՀՀ կառավարության` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները եւ հաստատել այդ գործում բանկի կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի աշխատանքները ղեկավարելու համար, ինչը վկայում է ՓՄՁ ոլորտի նկատմամբ ցուցաբերվող հոգածության մասին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ ՀՀ կառավարության համագործակցության ընթացքից` կարեւորելով դրա շարունակականության ապահովումը: