Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն  Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 4-ին, հանդիպել է Լեհաստանի Վելիկոպոլսկայի վոյեվոդության մարշալ, Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի բյուրոյի անդամ Մարեկ Վոզնյակի  (Marek Wozniak) հետ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ  Լեհաստանի խոշորագույն ռեգիոններից մեկի` Վելիկոպոլսկայի վոյեվոդության (կենտրոնը` Պոզնան) միջեւ համագործակցության հնարավորությունները:

Մ. Վոզնյակը նշել է, որ իրենց կողմից մեծ նշանակություն է տրվում միջազգային գործակցությանը, եւ Վելիկոպոլսկայի վոյեվոդությունն արդեն իսկ շատ ակտիվ եւ բազմակողմ  համագործակցություն է ծավալում  մի շարք երկրների ռեգիոնների հետ:  Նա  ավելացրել է, որ հետաքրքրված են նաեւ  Հայաստանի հետ կապերի ստեղծմամբ: 

Փոխվարչապետը ողջունելով նման մտադրությունը` նշել է, որ Հայաստանը նույնպես կարեւորում է ապակենտրոնացված համագործակցությունը, ինչը հնարավորություն է ստեղծում նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Երկու երկրների տարածաշրջանների միջեւ արդեն առկա է համագործակցության փորձ, որը հետագա գործակցության ընդլայնման նախադրյալներ է ստեղծում:

Նշվեց, որ նոր կապերի հաստատման արդյունավետ հարթակ կարող է լինել Եվրոպական ռեգիոնների ասամբլեան, որի անդամ են նաեւ Հայաստանի Լոռիի եւ Տավուշի մարզերը: