Մենք փոխանակ կրթության ստանդարտի մասին խոսենք, խոսում ենք դիպլոմի ստանդարտի մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մինչդեռ էականը դիպլոմի ստանդարտը չի, այլ կրթության ստանդարտը: Իրականում, մեր կյանքի ստանդարտի եւ մեր կյանքի չափանիշների մասին է խոսքը: մենք այս խոսակցությունը կշարունակենք ԱԺ-ում: Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում: Հնարավոր չի, որ քո կյանքը էժանան, բայց բարեկեցությունը ավելանա: Այլ բան, որ դրան զուգահեռ պետք է եկամուտներն աճեն: Բայց եկամուտների աճն էլ էէ ստանդարտի հարց: Այսինքն միս, ջուր կամ բադրիջանի խավիար արտադրողը, որ ստանում է X եկամուտ, պետք է ստանա X+Y եկամուտ, որ կարողանա ներդրումներ անել նոր ստանդարտներին համապատասխանելու համար: Կառավարությունը պետք է օժանդակի, որ այդ նախնական ներդրումները տեղի ունենան»,-ասաց Փաշինյանը:
Խոսելով այդ ստանդարտների վերահսկողությանը, վարչապետը նկատեց, որ միայն վարչական լծակներով պետությունը չի կարող այդ ամենը վերահսկել. «Սկսած երթեւեկության կանոններից, շարունակած բազմաթիվ այլ բաներով: Նախ մտածողության ստանդարտ պետք է հաստատվի, որ քաղաքացին էլ հասկանա, ասի՝ խի՞ պետք է տեսչությունը գա, ասի՝ էս ապրանքն ի՞նչ վիճակում է, կամ էս խաղալիքը»: Մարդը ինքն էլ պետք է վերահսկի, որովհետեւ դա իր երեխային է վերաբերում: Որպեսզի ինքն արձագանքի այդ իրավիճակին, իր մտածողության տանդարտն էլ պետք է փոխվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ ասում են՝ Կառավարությո՛ւն, գնա՛, համաշխարհային շուկաները բացի՛ր հայկական արտադրանքների համար, ու սա շատ քննարկվում է: Սիրելի՛ գործընկերներ, աշխարհի շուկաներն իրականում բաց են մեզ համար... Առևտրային կազմակերպությունն իր կանոններով սահմանել է, այլ բան, թե մեր ապրանքների որ հատվածն է, որ ստանդարտին համապատասխանում է, և որ հատվածն է, որ այլ պարամետրերով, այդ թվում՝ ծավալային, մրցունակ է շուկայում: Իրականում այսօր փակ շուկա Հայաստանի ապրանքների համար շատ քիչ կա»,- ասաց վարչապետը:





























