Նյու Յորքում, նոյեմբերի 17-ին, Արցախի հանրապետության նահագահ Բակո Սահակյանի պատվին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանային մարմնի կողմից կազմակերպվել է հանդիսավոր ճաշկերույթ, որին հրավիրված են եղել հայ համայնքի ներկայացուցիչները:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը ներկաներին ծանոթացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա խնդիրներին եւ զարգացման հեռանկարներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր անկախ պետության զորացման գործում` այս տեսանկյունից բոլոր հաջողությունների գրավականը համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Բակո Սահակյանը կարեւորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում` այն որակելով որպես ներհայկական միասնականության պրակտիկ ամրապնդման ամենակարեւոր օղակներից մեկը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: