Հայտարարությունները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կավարտեն հիմնարար սկզբունքների վերաբերյալ հանդիպումները, կրում են պաշտոնական-լավատեսական բնույթ եւ չեն արտացոլում խնդրի ողջ բարդությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը:
«Հանուն արդարության պետք է նշել, որ պաշտոնական Երեւանի լավատեսությունը զարմանք է հարուցում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը դժվար թե զգալի ճեղքում առաջացնի»,- նկատել է փորձագետը եւ հավելել, որ կողմերի միջեւ հիմնարար սկզբունքների վրա խարսխված համաձայանգիրը որեւէ կերպ երաշխիքներ չի տալիս հակամարտության մեխանիկական կարգավորման համար:
«Հիմնարար սկզբունքները, նույնիսկ եթե ընդունվեն ֆորմալ որեւէ հռչակագրի տեսքով, անշրջելիորեն փոխակերպվելու են կոնկրետ իրավական, պարտավորեցնող դրույթների, եւ սկսվելու են հիմնական խնդիրները: Մասնավորապես, հասկանալի չէ, թե Լեռնային ղարաբաղի ժողովրդին անվտանգության ինչ երաշխիքներ են տրվելու ներկայումս գոյություն ունեցող երաշխիքների փոխարեն: Հատկապես, եթե հիշենք, որ միջազգային խաղաղարար ձեւաչափերը խաղաղության ապահովման արդյունավետ գործիքներ չեն: Դրա վառ օրինակը Հարավային Օսիայում կաատարվածն է»,- նշել է Արեշեւը:



























