Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա է ճգնաժամ։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին արտասահմանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունը պայմանագրային-իրավական հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, թեև այսօր այդ հարաբերությունները, մեղմ ասած, լավ վիճակում չեն, եթե չասենք, որ ամբողջությամբ կամ էապես խաթարված են»,- նշել է ընդդիմության առաջնորդը։ Նա հավելել է, որ թեև ռուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, սակայն այս բոլոր հարաբերությունները պետք է համապատասխան պայմանագրային համաձայնությունների մակարդակի հասցնել և դնել բնականոն հունի մեջ։ Մեր հարաբերությունները չափազանց խորը երկխոսություն և փոխըմբռնում են պահանջում։
«Այս փուլում գտնվում ենք այդ հարաբերությունների բացակայության վիճակում։ Խնդիրները շատ են, բայց պետք է պատրաստ լինենք այդ բոլոր հարցերը փոխըմբռնման և երկխոսության մակարդակով լուծելու»,-շեշտել է Գալստանյանը։
Արքեպիսկոպոսի խորին համոզմամբ՝ Հայաստանի հարաբերություններն աշխարհի հետ չեն կարող զարգանալ «ինչ-որ մեկի դեմ» տրամաբանությամբ, Երևանն ամեն ինչում պետք է հետամուտ լինի հայկական շահերին։





























