Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետ Տիցիանի երկու անգամ գողացված կտավը, որը մի անգամ հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ Լոնդոնի ավտոբուսի կանգառում, սպասվում է, որ հուլիսին աճուրդում կվաճառվի 32 միլիոն դոլարով:

«Հանգիստ՝ Եգիպտոս ճանապարհին» կտավը Christie's աճուրդը գնահատում է 15-ից 25 միլիոն ֆունտ ստեռլինգ (19-32 միլիոն դոլար), ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ:

Նկարում պատկերված են Հիսուսը, Մարիամը և Հովսեփը, որոնք հանգստանում են Եգիպտոս գնալու ճանապարհին, երբ իմացել են, որ Հրեաստանի Հերովդես թագավորը ցանկանում է սպանել մանուկ Քրիստոսին։

Տիցիանն այս գործը ստեղծել է 16-րդ դարի առաջին տասնամյակում՝ իր ստեղծագործական գործունեության սկզբում։ Նկարի չափսերն ընդամենը 46,2 x 62,9 սանտիմետր են։

Յուղաներկ կտավը հետաքրքիր պատմություն ունի։ Տարբեր եվրոպացի ազնվականների շրջանում ձեռքից ձեռք անցնելուց հետո, 1809 թվականին Վիեննայի ֆրանսիական օկուպացիայի ժամանակ, Նապոլեոնի զորքերը գողացել են այն և տեղափոխել Փարիզ։ 1815 թվականին նկարը վերադարձվել է Վիեննա և կրկին եղել է  մասնավոր հավաքածուներում, նախքան անգլիական  Ուիլթշիրում Բաթի 4-րդ մարկիզ Ջոն Ալեքսանդր Թինի մոտ հայտնվելը:

Նկարը վաճառքի կդրվի հուլիսի 2-ին Լոնդոնի Christie's-ի Old Masters Part I աճուրդի շրջանակներում: