ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Մարդու իրավունքների հարցով հանձնաժողովը բանաձեւ է ընդունել` Սիրիայում մարդու իրավունքների դրության վերաբերյալ: Դրա օգտին քվեարկել են 122 պետություն, դեմ` 13, իսկ 41 երկիր, այդ թվում Ռուսաստանը, ձեռնպահ է մնացել:
Հիշեցնենք, որ բանաձեւի նախագիծը ներկայացրել են Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Բանաձեւով «կոչ է արվում սիրիական իշխանություններին վերջ դնել մարդու իրավունքների խախտմանը, պաշտպանել իր բնակչությանը եւ ամբողջությամբ պահպանել իր միջազգային-իրավական պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Կոչ է արվում նաեւ «ամբողջությամբ, հրատապ» իրականացնել Արաբական պետությունների լիգայի գործողության ծրագիրը:
Հիշեցնենք, որ բանաձեւի քննարկման ժամանակ Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին մեղադրել է Եվրոպային Սիրիայի դեմ քաղաքական եւ դիվանագիտական պատերազմ հրահրելու մեջ:



























