NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Վիլկո վան Հերպենի` «Hurriyet Daily News and Economic Review»-ում հրապարկված հոդվածը.

«Եթե դուք այցելում եք Թուրքիա կամ ապրում եք Թուրքիայում, կան որոշ վայրեր,  որոնք դուք պետք է տեսնեք: Սակայն Անին դա այլ բան է: Այն գտնվում է Թուրքիայի հեռավոր շրջաններից մեկում: Դա պատմություն է, դա ողբերգություն է, եւ դա շատ տպավորիչ է: Անին դուք կարող եք գտնել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին:

Առաջինը, ինչ դուք կտեսնեք,  երբ անցնեք մուտքի դարպասներով, քարեր են, ամենուր քարեր են: Դրանք լռելյայն հիշեցնում են այն մասին, որ Անին ժամանակին շատ ազդեցիկ քաղաք է եղել` հայկական կայսրության հնագույն մայրաքաղաքը, որտեղ բնակվել է 100–200 հազ. մարդ:

Անին հսկայական տարածք է զբաղեցնում,  եւ տեսնելու համար այն, ինչ պետք է, անհրաժեշտ է առնվազն երկու օր: Իհարկե, կարելի է կարճ շրջայց, մի քանի լուսնակար անել ու գնալ, սակայն եթե դուք ցանկանում եք զգալ Անին, ապա խորհուրդ կտամ այնտեղ մնալ եւս մեկ օր:

Անին շատ կառավարիչներ է տեսել. դրանք եղել են եւ հայեր, եւ բյուզանդացիներ, եւ սելջուկներ, եւ օսմանցիներ, եւ ռուսներ, եւ, վերջապես, թուրքեր: Ամեն ինչ սկսվել է 956 թ-ին, երբ Հայոց Աշոտ III արքան Հայաստանի մայրաքաղաք է դարձրել Անին: Քաղաքում եղել  է հազար եկեղեցի,  եւ նրանցից յուրաքանչյուրը զարդարված է եղել որմնանկարներով:

1064 թ-ին 25-օրյա պաշարումից հետո  սելջուկները գրավում են քաղաքը: Դրանից հետո Անին երբեք այլեւս այդքան հզոր չի եղել, ինչպես նախկինում, եւ խոշոր քաղաքը վերածվել է գավառականի:

Այն, ինչ նախկինում համարվում էր «40 դարպասների քաղաք», այսօր արդեն ծերունի է: Նա ցանկանում է պատմել ձեզ իր պատմությունը, բայց դուք պետք է ավելի համբերատար լինեք, քան առաջ: « Կարո՞ղ եք վերադառնալ վաղը, որպեսզի ես կարողանամ պատմել ձեզ ողջ պատմությունը»,- կարծես շշնջում է նա»: