Շվեյցարիայի HydroRide տեխնոլոգիական ընկերությունը ակտիվորեն զարգացնում է էլեկտրական հեծանիվների ուղղությունը, որոնք սնվում են կոմպակտ վառելիքի էլեմենտներով: Դրանց առավելությունն այն է, որ վերացնում են էլեկտրական մարտկոցը լիցքավորելու երկար սպասելու անհրաժեշտությունը։ Ապրանքանիշի մատչելի սարքավորումների թվում է ջրածնի գեներատորը, որն ի վիճակի է 5-6 ժամվա ընթացքում 200 մլ մաքրված ջրից մինչև 20 գ ջրածին արտադրել: Այս համակարգը նույնիսկ արևային մարտկոցներով կարող է սնուցվել, գրում է Տեխկուլտը։
Գեներացված ջրածինը 1 ՄՊա ճնշման տակ հավաքվում է շշանման մետաղական տարայի մեջ։ Երբ վերջինս միացված է հեծանիվի վառելիքի ագրեգատին, ապահովվում է մինչև 60 կիլոմետր հեռավորություն, իսկ օգտագործված տարան նորով փոխարինելը տևում է ոչ ավելի, քան 10 վայրկյան։
Ընկերությունն արտադրում է էլեկտրական ջրածնային հեծանիվների առնվազն երեք մոդել։ Դրանցից մեկը նախատեսված է քաղաքային շրջագայությունների համար։ Կան նաև մոդելներ մարզիկների, ինչպես նաև անտառային արահետով «քշել» սիրողների համար։
HydroRide-ը կենտրոնացած է վարձակալության նոր մոդել ստեղծելու վրա: Այն ներառում է լիցքավորման կայանների ցանցի ստեղծում, որտեղ օգտատերերը կարող են արագ փոխարինել վառելիքի դատարկ տարան նորով և շարունակել իրենց ուղևորությունը: Ապրանքանիշը դեռ չի հայտարարել իր սարքավորումների գները, սակայն ակնկալում է հետաքրքրություն խոշոր ընկերություններից, որոնք կարող են իրենց աշխատակիցներին որպես բոնուս առաջարկել HYRYD հեծանիվներ, եթե նրանք, իհարկե, ավտոմեքենայով չեն հասնում աշխատանքի:





























