Բոլորդ տեղյակ եք, որ Երեւանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների եւ օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են եւ դրանք տիրապետողների համար, եւ Երեւանի քաղաքապետարանի համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ներկայուս քաղաքապետարանը մեծ ծավալող ուսումնասիրում է եւ կայացնում է որոշումներ դրանց օրինականացման վերաբերյալ: Նրանց, որոնք մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ն են գրանցվել: Սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են, սա նշանակում է, որ օրինականացման ծավալը այս շրջանում մեծ է լինելու, ես հատուկ ուղում եմ շեշտել, որ որեւէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան եւ չեն կարող լինել:
Եթե որոշ ընկերություններ, որոշ մարդիկ կարող է մոտենան ձեզ այս կամ այն հարցով, օրինականացման հետ կապված եւ կփորձեն միջնորդական ծառայություններ մատուցել, դրանք ուղղակի այս իրավիճակից փորձում են գումար վաստակել: Ուզում եմ վստահեցնել, որ այդ միջնորդական ծառայություններ առաջարկող մարդիկ եւ ընկերությունները որեւէ ազդեցություն չունեն եւ չեն կարող ունենալ այս որոշումների վրա: Հետեւապես, միակ բանը, որ խնդրում եւ կոչ եմ անում, ուղղակի ձեր դիմումները թարմացրեք, եթե ունեք այդպիսի դիմումներ, եւ վստահ եղեք, որ Երեւանի քաղաքապետարանն ամբողջ ծավալով կդիտարկի հարցերը եւ համապատասխան որոշումներ կկայացնի»,-ասաց Ավինյանը:





























