Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցի բնակիչներն ահազանգում են ավելի ու ավելի հաճախակի դարձած առանց նախազգուշացումների ջրանջատումների մասին։

NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկն պատմում է՝ երբ ամբողջ քաղաքը Վարդավառն էր տոնում, Գաջեգործների փողոցում կեսօրից մինչև երեկո ջուր չկար:

«Չկա այնպիսի շաբաթ, որ գոնե երկու անգամ մի քանի ժամով ջուրը չանջատեն, առանց այդ էլ ջրի որակն այնքան վատն է, որ խմելու ջուրը խանութից ենք գնում»,- ասում է նա և հավելում, որ շենքում վերելակ չկա, իրենք էլ 4-րդ հարկում են բնակվում, և ինքը ստիպված է ամեն օր աշխատանքից հետո ջրի ծանր շշերով տուն բարձրանալ:

Բնակիչն ասում է՝ խնդիրն այնքան լուրջ է, որ ստիպված է լինում երբեմն կենցաղային կարիքների համար օգտագործվող ջուրն էլ խանութից կգնել:  «Երևի մեկ ամիս առաջ էր, շաբաթ առավոտյան արթնացանք, տեսանք, որ կրկին ջուր չկա: Զանգեցինք Վեոլիա ջուր ընկերություն, ասացին հերթապահ ինժեներ չունենք: Ինչպե՞ս կարող է ջրի մատակարարմամբ զբաղվող կազմակերպությունը հերթապահ աշխատակիցներ չունենալ: Կարծում եմ՝ խնդրի լուծումը միայն մեկն է, որ բոլոր այն բնակիչները, որոնք առնչվում են այս խնդրին, մի որոշ ժամանակով դադարեն վճարել ջրի համար. կարծում եմ՝ այդ դեպքում խնդիրը կլուծվի: Մենք պայմանագիր ունենք, եթե իրենք պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները չեն կատարում, մենք ինչո՞ւ պիտի կատարենք»,-ասում է նա: Վեոլիա ջուր ընկերությունից NEWS.am-ին պարզաբանում են՝ ջրանջատումների մասին բնակիչները տեղեկացվում են տելեգրամյան բոտի միջոցով: Նրանք կարող են բաժանորդագրվել և տեսնել, թե երբ ու որ թաղամասերում են ջրանջատումներ լինելու: