Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Լեհաստանը հինգշաբթի ստորագրել են մտադրությունների համաձայնագիր՝ ավելի քան 500 կմ հեռահարությամբ ցամաքային արձակման թևավոր հրթիռներ մշակելու համար՝ նպատակ ունենալով լրացնել եվրոպական զինանոցների բացը, որն առաջացել է Ուկրաինայի պատերազմի ընթացքում, հայտնել է Reuters-ը։
Ստորագրման արարողությունից հետո Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն հայտարարել է, որ նոր հրթիռը պետք է հակառակորդի զսպման միջոց ծառայի։
Զենքի առաջին նախագիծը, ըստ ամենայնի, կմշակվի մինչև տարեվերջ, իսկ տեխնիկական բնութագրերը, մասնավորաես հրթիռի հեռահարությունը, հետագայում ավելի մանրամասն կմշակվեն։
Եվրոպայի թևավոր հրթիռների ներկայիս պաշարը ներառում է ռեակտիվ կործանիչներից արձակվող զինատեսակներ, մասնավորապես, բրիտանական Storm Shadow-ն, ֆրանսիական Scalp-ը և գերմանական Taurus-ը, որոնց հեռահարությունը մոտ 500 կմ է:
Ի տարբերություն բալիստիկ հրթիռների, թևավոր հրթիռները ցածր են թռչում, ինչը դժվարացնում է ռադարներով դրանց հայտնաբերումը: Ռազմական աղբյուրը հայտնել է, որ նպատակն այն է, որ նոր ցամաքային հրթիռը ունենա 1000-2000 կմ հեռահարություն՝ համապատասխանելով ՆԱՏՕ-ի պահանջներին: Փարիզն առաջարկել է ստեղծել զենք, որը հիմնված է սպառազինությունում առկա ֆրանս-գերմանական Airbus կոնցեռնի MBDA ընկերության արտադրած MdCN (Missile de Croisiere Naval) ծովային թևավոր հրթիռի փոփոխության վրա։ MBDA-ին է պատկանում նաև է Taurus, Storm Shadow և Scalp հրթիռները: MBDA-ն, բրիտանական BAE Systems-ն ու իտալական Leonardo-ն աշխատում են համատեղ մշակել MdCN-ի մոդիֆիկացիան, որը կարող է արձակվել բեռնատարների վրա տեղակայված հրթիռային կայաններից:
Ավելի քան 500 կմ հեռահարությամբ հրթիռի մշակումը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները արդյունավետորեն կվերականգնեն զենքի այն կատեգորիան, որն արգելված է Միջին հեռահարության միջուկային ուժերի (INF) պայմանագրով մինչև 2019 թվականը:.
1987 թվականին ստորագրված INF պայմանագրով արգելվել է միջուկային և սովորական ցամաքային հրթիռները, որոնց հեռահարությունը 500-ից մինչև 5500 կմ է: Այն վերացրել է սպառազինությունների մի ամբողջ կատեգորիա։
1990-ականներին իրենց հրթիռները INF պայմանագրով ոչնչացրել են նաև Գերմանիան, Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան, որոնց հաջորդել են Սլովակիան և Բուլղարիան։
Միացյալ Նահանգները INF պայմանագրից դուրս եկավ 2019 թվականին՝ հայտարարելով, որ Մոսկվան խախտում է համաձայնագիրը՝ վկայակոչելով Ռուսաստանի մշակած 9M729 ցամաքային թևավոր հրթիռը, որը ՆԱՏՕ-ում հայտնի է որպես SSC-8: Ռուսաստանը հերքել է այս մեղադրանքը և մորատորիում մտցրել նախկինում INF պայմանագրով արգելված հրթիռների սեփական մշակման վրա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պետք է վերսկսի միջուկային զենք կրելու ունակությամբ միջին և փոքր հեռահարության հրթիռների արտադրությունը, երբ ԱՄՆ-ը Եվրոպայում և Ասիայում նմանատիպ հրթիռներ տեղակայեց:





























