ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն, ծանոթացել քաղաքացիներին մատուցվող ծառայություններին ու որակին:
Նորաստեղծ կենտրոնը շահագործման է հանձնվել 2023 թ.: Կենտրոնի հիմնման ընդհանուր արժեքը 250,2 մլն դրամ է: Վերջինիս սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ:
Նա այցելուներից մեկին հարցրեց, թե ինչ հարցով է եկել եւ ինչքան ժամանակ կպահանջվի քաղաքացուն սպասարկելու համար: Նշվեց, որ քաղաքացին եկել է երրորդ երեխայի ծնվելու հետ կապված միանվագ 1 մլն դրամը ստանալու:
«Իմիջիայլոց, աչքդ լույս»,- դիմելով տղամարդուն ասաց Նիկոլ Փաշինյանը, ինչը առաջացրեց ներկաների ծիծաղը:
Մեկ այլ այցելու եկել էր կենսաթոշակի հետ կապված հարցով: Փաշինյանին զարմացրեց, որ պետությունը դեռեւս կենսաթոշակի գրքույկներ է տալիս քաղաքացիներին. «Սա մեր թվայնացման ժողովրդին է պետք ասել, որ 21-րդ դարում Հայաստանում այսպիսի փաստաթուղթ կա, որ մարդուն տալիս ենք, որ թոշակ ստանա»,-ասաց Փաշինյանը օբյեկտիվի առաջ ցույց տալով կենսաթոշակի գրքույկը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:





























