Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին հայտարարել է, որ երեկվա Մաջդալ Շամսի վրա մահաբեր հրթիռակոծությունից հետո զինվորականները մեծացնում են իրենց պատրաստվածությունը «հյուսիսում մարտերի հաջորդ փուլի համար», գրում է Times of Israel-ը։

«Մենք հստակ գիտենք, թե որտեղից է արձակվել հրթիռը։ Հրթիռի բեկորները մենք գտել ենք այստեղ՝ ֆուտբոլի դաշտի պատին, և գիտենք, որ դա «Ֆալակ» հրթիռ է՝ հիսուներեք կիլոգրամ կշռող մարտագլխիկով։ Սա «Հեզբոլլահի» հրթիռն է։ Եվ ով էլ որ նման հրթիռ է արձակում քաղաքի վրա, ցանկանում է սպանել խաղաղ բնակիչներին, ցանկանում է սպանել երեխաներին»,- հայտարարել է Հալևին դեպքի վայրից արած տեսաուղերձում։

«Մենք զգալիորեն մեծացնում ենք մեր պատրաստականությունը հյուսիսում մարտերի հաջորդ փուլի համար, քանի որ միաժամանակ մարտական ​​գործողություններ ենք իրականացնում Գազայում: Մենք գիտենք՝  ինչպես գրոհել նույնիսկ Իսրայել պետությունից շատ հեռու։ Նոր մարտահրավերներ կլինեն, մենք կբարձրացնենք մեր պատրաստականությունը»,- ասել է նա։

«Երբ հարկ լինի, մենք վճռականորեն կգործենք։ Մեր պարտքն է հյուսիսի ժողովրդին անվտանգ վերադարձնել իրենց տները՝ ամբողջ հյուսիսում՝ Գալիլեայում և Գոլանի բարձունքներում... Սա դժվար օր է, մենք կաշխատենք ավելի լավ օրերի համար», - հավելել է Հալևին։

Հիշեցնենք, որ գրավյալ Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամսայի ֆուտբոլի դաշտի վրա հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս։

Իսրայելը մեղադրում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն «Հեզբոլլահը» կտրականապես հերքում է իր առնչությունը: