Լիբանանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել է գրավյալ Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամսի հրթիռակոծությունը, որի հետևանքով 12 երեխա և դեռահաս է զոհվել դրուզների համայնքից:
«Լիբանանի կառավարությունը դատապարտում է բոլոր տեսակի բռնությունները և հարձակումները խաղաղ բնակչության դեմ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր ճակատներում», - ասվում է լիբանանյան իշխանությունների հայտարարության մեջ, որը հրապարակել է Al Mayadeen-ը:
«Քաղաքացիական անձանց դեմ հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և հակասում են մարդասիրության սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Իր հերթին, IRNA-ն, հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ Լիբանանը հերքում է «Հեզբոլլահ» շարժման առնչությունը գրավյալ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակմանը:
Ըստ ԶԼՄ-ների, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգողի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկիրը և այնտեղ տեղակայված «Հեզբոլլահ» շարժումը «հավատարիմ են պատերազմի օրենքներին և չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը»։
Բերին նաև մեջբերել է «Հեզբոլլահի» հայտարարությունը, որը կտրականապես հերքում է հարձակմանն իր առնչությունը:
Հիշեցնենք, որ Իսրայելը շարունակում է պնդել, որ հարձակման պատասխանատվությունը կրում է «Հեզբոլլահը»։





























