Բաստիլի գրավման տոնակատարության նախօրեին հուլիսի 13-ի, լույս 14-ի գիշերը Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի մասնակիցները երկրում գործազրկության բարձր ցուցանիշից դժգոհ երիտասարդներն են եղել։ Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, տոնի նախօրեին զանգվածային անկարգությունները՝ պայթեցված մեքենաների ու ձերբակալությունների տեսքով, ավանդույթ են դարձել։ Այս անգամ, դեռեւ ինքնությունը չպարզված անձինք այրել են 317 մեքենա։ Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այրված մեքենաների քանակը այս տարի 6,73 տոկոսով ավել է, քան անցյալ տարվա նույնպիսի հիշարժան գիշերվանը։
Բաստիլի գրավման օրը ֆրանսիական ավանդական տոն է, որը 1880 թ-ից սկսած նշվում է ամեն տարի հուլիսի 14-ին։ Պետական բանտարկյալների հանգրվանի վերածված Բաստիլ բանտ-ամրոցը գրավել են 1789 թ-ի հուլիսի 14-ին։ Տոնակատարությունը ավանդաբար սկսվում է Փարիզի Ելիսեան դաշտերից՝ զինվորական շքերթով։


























