«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կարեւոր, բայց միակ օղակը չէ, որին առնչվում են էլեկտրաէներգիայի անջատումները։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։
Դարբինյանը խոստովանել է, որ ընկերության պատճառով նույնպես վթարներ են լինում, եւ դրանց թիվը ընկերության ներկայացուցիչներին չի գոհացնում, ինչի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։
Նա տեղեկացրել է, որ էլեկտրաէներգիայի բեռնվածությունը եւ ծախսերը 24 տարում Երեւանի կենտրոնում ավելացել են 8-10 անգամ։ «Վերջին տարիներին Երեւանում ստացվել են 68 հազար հայտեր նոր բաժանորդներից, որոնցից 40 հազարը երեք տարվա ընթացքում միացվել են ցանցին։ 2025թ. այդ թիվը կավելանա՝ հասնելով 77 հազարի։ Համեմատության համար. Գյումրիում եւ Վանաձորում բաժանորդների թիվը միասին վերցրած 82 հազար է։ Վթարների 34 տոկոսը գրանցվել է շինարարական աշխատանքների հետեւանքով առաջացած վնասվածքներից, որոնք կարող են վնասել մալուխները, ինչը նույնպես հանգեցնում է անջատումների»,- ավելացրել է Դարբինյանը։
Նա նշել է, որ աշխատանքային խումբը պարզել է, որ էլեկտրաէներգիայի անջատումները 2023թ. նոյեմբերին ՀՀ կառավարության աշխատանքի ժամանակ պայմանավորված էին բարձրավոլտ գծերում անցկացվող աշխատանքներով, ինչի հետեւանքով հոսանքազրկվել էր երկրի 1/3-ը։
ՓԲԸ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ այդ անջատումները դուրս են գալիս ընկերության պատասխանատվության շրջանակից։ «Իրականացվող աշխատանքների արդյունքում անջատումները լինում են կարճատեւ, բայց մասշտաբային, ուստի դա մեծ արձագանք է ստանում հասարակությունում։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի անջատմանը Աբովյանի ֆուտբոլի դաշտում եվրոպական մրցաշարի ժամանակ, ապա խաղից երեք ամիս առաջ մենք նամակ էինք ստացել ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայից նրան պատկանող երկու տրանսֆորմատորներից մեկի անջատման մասին։ Տրանսֆորմատորը դրա հիման վրա անջատվել էր, ինչի հետեւանքով խաղի օրը ծանրաբեռնվել էր մեկ տրանսֆորմատոր, ինչն էլ հանգեցրել էր էլեկտրաէներգիայի անջատման»,- ընդգծել է նա։
Նա նաեւ տեղեկացրել է, որ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում էլեկտրաէներգիայի վերջին անջատումների պատճառը տրանսֆորմատորի անսարքությունն էր, ընկերությունն այդ մասին նախազգուշացրել էր։
Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ համակարգից անջատվել էր Հայկական ԱԷԿ-ը, ինչպես նաեւ Էջմիածնի եւ Արմավիրի շրջանները։ «ԱԷԿ-ում դրվել է սարք սեյմոակտիվությունից պաշտպանվելու համար, որը գործադրվել է կայծակի պատճառով, եւ ԱԷԿ-ի անվտանգության նպատակով»,- ասել է Կարեն Դարբինյանը։
Նա նշել է, որ հուլիսի 6-ին միջազգային էներգետիկ կորպորացիային պատկանող Երեւանի ՀԷԿ-1-ում, որը սնուցում է Երեւանի Կենտրոնական վարչական շրջանի 30 եւ Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը, հրդեհ է բռնկվել։ «Այդ ՀԷԿ-ը մեզ հետ նույնպես ոչ մի կապ չունի։ Վթարի հետեւանքները վերացվել են օգոստոսի 20-ին, եւ եթե նախկինում մեր ձեռնարկած տեխնիկական միջոցները չլինեին, ապա այդ բաժանորդները կմնային առանց էլեկտրաէներգիայի մինչեւ օգոստոսի 20-ը»,- ընդգծել է Դարբինյանը։
Ի պատասխան ՀՀ վարչապետի վերջերս հնչեցրած բողոքի շրջաններում էլեկտրաէներգիայի որակի հետ կապված՝ Տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ բողոքներ ստանալու դեպքում այդ տարածքը հատուկ վերահսկողության տակ է վերցվում։
Նա տեղեկացրել է, որ հեղեղումներից հետո Հայաստանի հյուսիսում «Հայաստանի էլեկտրական ցանցերը» դարձել է առաջին ընկերությունը, որը վերականգնել է իր ենթակառուցվածքը։ Ընկերության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ վերջինը վերականգնվել է «Սանահին» կայանը վնասվելուց հետո հինգերորդ օրը։ «Ավելին, քաղաքացիները, որոնք լրջորեն տուժել էին տարերային աղետից, ազատվել են երկու ամսով էլեկտրաէներգիայի վճարի մուծումից»,- նշել է Դարբինյանը։




























