Երեւանի իշխանությունների հետ համատեղ նախատեսում ենք սկսել քաղաքի կենտրոնի ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքը։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
Նա նշել է, որ աշխատանքներն սկսվելու են 10 օրից եւ ուղղվելու են մատակարարվող էլեկտրաէներգիայի հուսալիության բարձրացմանը։
Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ այս եւ հաջորդ տարվա ընթացքում իրականացվող նախագծերի վրա ծախսվելու է 6,3 մլրդ դրամ, դրանք կհատկացվեն Երեւանի կենտրոնի բոլոր կայանների թարմացմանը, որպեսզի բարձրացվի մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը։
«ՀԷՑ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն իր հերթին նշել է, որ նախագծի իրականացումը կտեւի 2-3 տարի։
Հարությունյանն ավելացրել է, որ դրա համար ընկերությունն ունի սեփական միջոցներ, պարտատոմսերի թողարկման հաջող փորձ, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ։ «Ֆինանսական խնդիրներ չկան, բայց ներդրումներն անհնար է իրականացնել անմիջապես, որպեսզի դա էական ազդեցություն չթողնի սակագների վրա։ Քաղաքացիներին կոչ եմ անում ըմբռնումով մոտենալ անհարմարություններին, որոնք կարող են առաջացնել նշված աշխատանքները»,- ասել է նա։




























