Մեկ անջատման հետևանքով միանգամից մինչև 40 հազար բաժանորդ կարող է զրկվել էլեկտրականությունից, ուստի նման դեպքերում վերջիններս հաճախ չեն կարողանում զանգահարել մեր օպերատորներին թեժ գծով (1-80 – խմբ.): Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։
Նրա խոսքով, եթե բաժանորդներն ավելի հաճախ օգտվեն ավտոմատացված համակարգից, ապա կկարողանան արագ ստանալ անջատումների վերաբերյալ հարցերի պատասխանները։
Նա հավելեց, որ ցանկացած բաժանորդ կարող է հավաքել բաժանորդային համարի թվերը կամ պայմանագրին կից հեռախոսահամարը և իր հասցեով ստանալ տեղեկատվություն անջատման մասին։
Սարջանյանը վստահեցրեց, որ ՓԲԸ-ի կողմից ստացված զանգերի թիվը համեմատելի չէ «Գազպրոմ Արմենիա»-ի կամ «Վեոլիա Ջուր»-ի զանգերի հետ։




























