Տասնյակ հազարավոր երեւանցիներ նորից մնացել են առանց ջրի։ Նախօրեին ԶԼՄ-ներից հայտնի դարձավ հերթական «վթարային» անջատման մասին հոկտեմբերի 16-ի առավոտվանից մինչեւ հոկտեմբերի 17-ի ուշ երեկո։
Թե ինչպես է «Վեոլիա» ընկերությանը ավելի քան մեկ օրում հայտնի դարձել սպասվող վթարի մասին՝ մնում է միայն ենթադրել։ Այլ հարց է, թե ինչու ընկերությունը չի բարեհաճել հավուր պատշաճի տեղեկացնել բաժանորդներին անակնկալի մասին։
Տեղեկության աղբյուր է դարձել լրատվամիջոցների հաղորդումները՝ հղում կատարելով «Վեոլիա» ընկերությանը։ Ոչ մի նման բան «Վեոլիայի» կայքում չի եղել եւ չկա։ Անհանգստացած բաժանորդները սկսել են դիմել ընկերության թեժ գծին, որտեղից հասկանալի պատասխան չեն ստացել։
Մինչդեռ, ընկերության կայքում տեղադրված Ջրի մատակարարման եւ կոյուղաջրերի հեռացման սպասարկումների տրամադրման մասին կանոնների համաձայն՝ ընկերությունն ինքը պարտավոր է տեղեկացնել սպառողներին ջրի անջատման մասին։
Ջրի մատակարարման եւ կոյուղաջրերի հեռացման սպասարկումների տրամադրման մասին կանոնների 13-րդ գլխի 143 կետի համաձայն՝ ընկերությունը պարտավոր է տեղեկացնել սպառողներին ջրի պլանային անջատման մասին՝ երեք օր առաջ տեղեկություն հրապարակելով իր պաշտոնական կայքում, իսկ երկու օր առաջ երկու անգամ տեղեկացնել սպառողներին առնվազն մեկ հեռուստաալիքի միջոցով, գրավոր, այդ թվում էլեկտրոնային ձեւով, կամ հեռախոսով, կամ անհատապես։
Ինչպես երեւում է նշված կետից, խոսքը պլանային անջատման մասին է։ Վթարային անջատման դեպքում ընկերության գործողությունների նկարագրությունը չկա, բայց տամաբանությունը հուշում է, որ տեղեկությունը ցանկացած դեպքում պետք է հրապարակվի առաջին հերթին ընկերության պաշտոնական կայքում։ Մանավանդ որ զանգվածային անջատման մասին տեղեկացվել է մեկ օր առաջ, ինչը ոչ մի կերպ չի ենթադրում ֆորսմաժորային իրավիճակ։
Հռետորական հարց է առաջանում՝ արդյո՞ք պետք է բաժանորդներն ամեն օր զննեն «Շանթ» հեռուստաընկերության կայքը՝ ջրանջատման մասին նորություններ գտնելու համար։ Ինչպես ցույց է տալիս բերված օրինակը, «Վեոլիայի» կայքը նայելը անիմաստ է. անհրաժեշտ ինֆորմացիան այնտեղ չկա։ Եվ ինչպե՞ս կռահենք՝ արդյո՞ք «Վեոլիան» կորոշի հաջորդ նորությունը հրապարակել մեկ այլ ԶԼՄ-ում։
Ընդհանուր առմամբ, պետք է հիշել, որ «Վեոլիա» ընկերությունը մոնոպոլիստ է, եւ բաժանորդն այլ ելք չունի՝ առաջարկված բոլոր պայմաններին համաձայնելուց բացի։ Այլ հարց է, որ Հայաստանի իրավասու վերահսկիչ մարմինները մատների արանքով են նայում նման հնարքներին՝ բնավ չձգտելով լիովին պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Այս դեպքում՝ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը։





























