Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում օգոստոսի 11-ին մահացած նորածնի գործով, այդ բաժանմունքի արդեն նախկին վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի մեղավորությունը հասկանալու համար նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ պատրաստ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Այսինքն` հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունից հետո նոր միայն պարզ կդառնա, թե երեխան ծնվելու ընթացքո՞ւմ է վնասվել, թե ծնվելուց հետո:

Ըստ ոստիկանության, գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատվում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով):

Ավելի վաղ, դեկտեմբերի 13-ին, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ փորձաքննությունից հետո դատաբժիշկն իր եզրակացությունը տալիս է քննիչին, ով այդ եզրակացության հիման վրա ընթացք է տալիս գործին. Կա’մ կարճում է գործը ասելով, որ հանցակազմ չկա, կա’մ ճանաչում է բժշկի մեղքը եւ գործն ուղարկում դատարան, կա’մ հանձնաժողովային մասնագիտական վերլուծություն է կազմակերպում, փորձելով մասնագետներին հարցեր տալով հասկանալ, թե երեխայի մահվան մեջ բժշկի մեղքը կա՞, թե` ոչ:

Հիշեցենք, որ դեկտեմբերի 13-ին «Չենք լռելու» նախաձեռնությունը տարածել էր ամիսներ առաջ մեծ աղմուկ հանած Վայքի ծննդաբերական բաժանմունքում տեղի ունեցած դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որտեղ ասվում է. «Գանգուղեղային փակ, բութ վնասվածք: Գլխի  մաշկածածկույթների, գանգաթաղի  ոսկրերի ոսկրային շերտիվերնեսկրի եւ ոսկրերի միջեւ, գլխուղեղի կարծր թաղանթի, փափուկ թաղանթների եւ ենթաոստայնային տարածության  արյունազեղումներ եւ արյունահավաքներ: Կանգային ինտերստիցիալ թոքաբորբ: Գ. Գրիգորյանի մահը պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով /ինքնաթունավորում/, որն էլ հետեւանք է եղել գանգուղեղային փակ, բութ, վնասվածքից հետո արգացած  կանգային ինտերստիցիալ թոքաբորբի: Համաձայն հիվանդության պատմագրի տվյալների, Գ. Գրիգորյանի մահը վրա է հասել 2011-ի սեպտեմբերի 4-ին, ժամը 03.20-ին»: Իսկ նորածնի տատիկը` Համեստ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փորձաքննության արդյունքները վկայում են, որ կենդանության օրոք է իր թոռը գլխին  բութ հարված ստացել: «Ինքն է արել հո ես չեմ արել: Հետեւաբար` պահանջելու ենք, որ օրենքը նրան դատապարտի մարդասպանության համար»,- ավելացրեց Համեստ Գրիգորյանը:

Ավելի վաղ` NEWS am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա.Թորոսյանին եւ սպասել են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չխփեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դիմեդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների էր հանգեցրել հղի կնոջ մոտ ծննդաբերության ժամանակ:Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ էլ նա մի քանի օր անց մահացել էր: Հայաստանի ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով):Ավելին` այս դեպքի հետ կապված, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը սեպտեմբերի կեսերին նամակ էր ուղարկել մարզպետին եւ առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, նաեւ կասեցնել Մետաքսյա Հովհաննիսյանի պաշտոնավարումը: