Հնագետները Իրաքի հյուսիսում հայտնաբերել են հսկայական առանձնատան, թագավորական այգիների և այլ շինությունների մնացորդներ, որոնք թաղված են եղել հողի հաստ շերտի տակ այն վայրում, որտեղ նախկինում եղել է հին Ասորեստանի մայրաքաղաք Խորսաբադը, վկայում են մագնիսական նոր հետազոտության արդյունքները:
Գիտնականների միջազգային թիմը մագնիսաչափ է օգտագործել անսովոր դժվարին պայմաններում, որպեսզի հայտնաբերի քաղաքի 2700-ամյա ջրային դարպասը, ենթադրյալ պալատական այգիները և հինգ խոշոր շենքերը, այդ թվում՝ Սպիտակ տնից երկու անգամ մեծ 127 սենյականոց առանձնատունը:
Ամերիկյան երկրաֆիզիկական միության (AGU) հայտարարության համաձայն՝ նախկինում չհայտնաբերված շինությունները կասկածի տակ են դնում այն պատկերացումը, որ մ.թ.ա ութերորդ դարում Խորսաբադը երբեք չի տարածվել պալատական համալիրի սահմաններից դուրս, գրում է Live Science-ը։
Ասորական կայսր Սարգոն II-ը մ.թ.ա. 713 թվականին սկսեց կառուցել իր հսկա նոր մայրաքաղաքը, որն ի սկզբանե կոչվում էր Դուր-Շարուկին, որը նշանակում է «Սարգոնի ամրոց», սակայն Սարգոնը մահացավ մ.թ.ա. 705 թվականին, հնարավոր է, նախքան մայրաքաղաքի բնակեցումն ու շինարարության ավարտը: Սարգոն II-ի որդին և իրավահաջորդը՝ Սենեքերիմը, այնուհետև մայրաքաղաքը տեղափոխեց Նինվե քաղաք, իսկ Խորսաբադը լքվեց և մոռացության մատնվեց ավելի քան երկու հազարամյակ:
Ավելի քան 25 դար անց ֆրանսիական և ամերիկյան հնագիտական խմբերը համապատասխանաբար 1800-ական և 1900-ական թվականներին պեղեցին Խորսաբադի պալատը, ներառյալ հայտնի «Լամասու» մարդու գլխով թևավոր ցլի արձանները, որոնք այժմ գտնվում են Լուվրում:
Սակայն, պալատից և քաղաքի պարիսպներից դուրս հնագույն մայրաքաղաքի հատակագիծը մնում էր առեղծված, հնագետները ենթադրում էին, որ այն կիսատ է մնացել։ 2015 թվականին Խորսաբադը թալանեցին «Իսլամական պետության» զինյալները, և հնագետներն այս վայրում կարողացան վերսկսել աշխատանքը միայն այն բանից հետո, երբ 2017 թվականին պատերազմող իսլամիստական խմբավորումը հիմնականում հեռացավ տարածաշրջանից:




























