Թուրքիան կարծում է, որ Սիրիայի նոր կառավարիչները, այդ թվում՝ Անկարայի կողմից աջակցվող Սիրիական ազգային բանակի (SNA), զինված խմբավորումը կվտարեն YPG-ի քուրդ մարտիկներին Սիրիայի հյուսիս-արևելքում զբաղեցրած բոլոր տարածքներից, հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հայտնում է Reuters-ը։

«Մենք հավատում ենք, որ Սիրիայի նոր ղեկավարությունը և Սիրիայի ազգային բանակը, որը նրա բանակի կարևոր մասն է կազմում, սիրիացի ժողովրդի հետ միասին կազատագրեն ահաբեկչական կազմակերպությունների գրաված բոլոր տարածքները»,- հայտարարել է Գյուլերը՝ զորահրամանատարների հետ սիրիական սահմանում թուրքական զորքերին այցելելու ժամանակ։

«Մենք նաև կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները նույն վճռականությամբ, քանի դեռ մեր սահմաններից դուրս գտնվող ահաբեկչական բոլոր տարրերը չեն վերացվել», - հավելել է նա։

Թուրքիան սիրիական YPG խմբավորումը դիտարկում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մաս, որը 40 տարի շարունակ ապստամբական պայքար է մղում թուրքական պետության դեմ և Անկարայի, Վաշինգտոնի և Եվրամիության կողմից համարվում է ահաբեկիչ:

YPG-ն գլխավորում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDF) դաշինքը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքները: Երկու շաբաթ առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո, Թուրքիան և նրա աջակցած սիրիական խմբավորումները կռվել են SDF-ի դեմ՝ գրավելով Մանբիջ քաղաքը: Անկարան սիրիացի քուրդ զինյալներից պահանջել է ցրվել և կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել աջակցությունը: Անցյալ շաբաթ ԱՄՆ բանակը խոստովանել է, որ Սիրիայի տարածքում  2000 զինծառայող ունի, ինչը երկու անգամ ավելի է, քան նախկինում հայտարարվում էր։