37 մարդկանցից 2-ը, որոնց համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2024թ․ դեկտեմբերին դաշնային մեղադրանքներով մահապատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ, հրաժարվել են ստորագրել իրենց պատիժը փոխելու փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Լրատվականի տվյալներով՝ խոսքը Ինդիանայի բանտում կալանքի տակ գտնվող Շենոն Ագոֆսկու և Լեն Դևիսի մասին է։ Երկուսն էլ միջնորդություններ են ներկայացրել դաշնային շրջանային դատարան՝ պահանջելով իրենց պատիժը մեղմելու արգելք սահմանել, քանի որ կարծում են, որ մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելը կթուլացնի իրենց դիրքերը իրենց գործերը բողոքարկելու հարցում: Ե՛վ Ագոֆսկին, և՛ Դևիսը մտադիր են վերաքննիչ դատարանում անմեղ ճանաչվել։
2024թ․ դեկտեմբերի վերջին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բայդենը մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ՝ առանց ազատ արձակման հնարավորության։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը չի փոխել 2013թ․ Բոստոնի մարաթոնի պայթյունին մասնակցելու համար դատապարտված Ջոհար Ցարնաևի, ինչպես նաև 2015թ․ Չարլսթոնում եկեղեցու ինը սևամորթ ծխականների սպանության համար դատապարտված Դիլան Ռուֆի և 2018թ․ Փիթսբուրգում (Փենսիլվանիա) Tree of Life (Կյանքի ծառ) սինագոգում 11 մարդու սպանության համար դատապարտված Ռոբերտ Բոուերսի պատիժը:





























