NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանի տնտեսական կյանքում 10 կարեւորագույն իրադարձությունների սեփական տարբերակը:

1. Գյուղնախարարի աղոթքը.

Տարին սկսվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համագործակցությամբ: Տարին իսկապես բարեհաջող եղավ գյուղատնտեսության համար` ապրիլին հաջողվեց խուսափել համատարած ցրտահարումից, իսկ բերքը զգալիորեն ավելի բարձր էր նախորդ տարվա համեմատ: Սակայն ամենակարեւորն այն էր, որ հաջող կազմակերպվեց մթերումների գործընթացը, հատկապես` խաղողի, ծիրանի, կեռասի, լոլիկի, հացահատիկայինների: Ապրանքը գետնին չմնաց, իսկ գյուղացիները ժամանակին ստացան փողերը: Դրանում թերեւս դեր խաղաց ոչ թե Աստծո օգնությունը, այլ գյուղնախարարի կազմակերպչական աշխատանքը` օրինակելի պայմանագրերի տրամադրում, ճնշումներ մթերող կազմակերպությունների վրա: Սակայն ամեն ինչ շտկել դեռ չի հաջողվում` պարարտանյութը ու վառելիքը ձեռք են բերվում անհամեմատ ավելի թանկ, քան նախորդ տարիներին:

2. Ներդրումային արտոնություններ.

Տարվա ընթացքում կառավարությունը 21 որոշում ընդունեց ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տրամադրելու մասին: Դրանից օգտվում են այն ընկերությունները, որոնք 300 մլն դրամից ավելի ներդրումային ապրանքներ են ներմուծում: Այս պահի դրությամբ սա ներդրումային ծրագրերը խթանող ամենաազդեցիկ գործիքն է ու, բարեբախտաբար, ողջ ուժով աշխատում է: Այս արտոնությունների շրջանակում ներդրումների ծավալը գերազանցում է 84 մլրդ դրամը, ստեղծված նոր աշխատատեղերը մոտենում են 2500-ի: Իր տնտեսական ու սոցիալական նշանակությամբ արտոնությունների այս համակարգը միանգամայն համադրելի է գյուղնախարարի հայտնի աղոթքի հետեւանքների հետ:

3. Վարորդական իրավունք.

Մայիսից ուժի մեջ մտավ պարզեցված ընթացակարգով վարորդական իրավունքի ստացման կարգը: Ըստ նոր կարգի, վկայական ստանալու համար այլեւս կարիք չկա նարկոլոգիական եւ հոգեբուժական դիսպանսերից տեղեկանք ներկայացնել: Բացի այդ` նախնական ուսուցում անցնելու կարիք չկա: Գուցե շատերը կմտածեն, թե սա կապ չունի տնտեսական իրավիճակի հետ, սակայն նշենք, որ պետական վճարովի ծառայությունների հետ առնչվում են հարյուրհազարավոր մարդիկ: Ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից ազատումը անուղղակի տնտեսական էֆեկտներ է ստեղծում, բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը: Լուրջ առաջընթաց տեղի ոնեցավ նաեւ պետական վճարովի ծառայությունների մյուս համակարգերում: Այսպես. անշարժ գույքի պետական կադաստրին արգելեցին չափագրում ու տեղազննում իրականացնել առուվաճառքի գործարքի դեպքում, նոտարներին ստիպեցին կարգավորել գանձվող վճարումները ու նույնիսկ մրցել միմյանց հետ, ավտոմեքենաների տեխզննման կայաններին արգելվեց քաղաքացուց գումար վերցնել` վճարը պետք է կատարել միայն բանկում, հատուկ որոշում կայացվեց` քաղաքացիներին ազատելով պոլիկլինիկաներից բժշկի թուղթ վերցնելու պարտադրանքից:

4. Հայաստան –Իրան. հոսանք` գազի դիմաց

Այս տարի վերջապես սկսեց աշխատել հոսանք-գազի դիմաց հայ-իրանական բանաձեւը: Թե կոնկրետ ո՞ր օրն ու ո՞ր ժամին կողմերը գործարկեցին այս նախագիծը` հայտնի չէ, քանի որ ոչ մի բարձրագոչ հայտարարություն չեղավ, ու ոչ մի կարմիր ժապավեն չկտրվեց: Սակայն փաստն այն է, որ Հայաստանը արդեն իսկ մոտ 2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտահանել, որ գերազանցում է նույնիսկ ադամանդի արտահանման ծավալներին: Վերջին տասնամյակում սա տարածաշրջանային համագործակցության ամենահաջողված նախագիծն է: Հայաստանը պարտավորվել է 1կվտ/ժ հոսանքը Իրանին տրամադրել 3 խոր. մետր գազի դիմաց:

5. Հազարամյակի մարտահրավերների ավարտը.

Սեպտեմբերին ավարտվեց ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հնգամյա ծրագիրը: Պետք է արժանին մատուցել` 5 տարվա ընթացքում Հայաստանի գյուղական վայրերում հսկայածավալ աշխատանք իրականացվեց: 177 մլն դոլար ներդրվեց ոռոգման համակարգում` վերջին 30 տարում նման խոշորածավալ ներդրում չի ուղղվել այս համակարգին: Վերանորոգվել են ոռոգման կարեւորագույն ենթակառուցվածքներ` մայր ջրանցքներ, ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ներտնտեսային ցանցեր եւ Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգը: Նշենք, որ ԱՄՆ կառավարությունը չցանկացավ իրականացնել ծրագրի ճանապարհաշինական մասը` 2009 թ. սառեցնելով մոտ 60 մլն դոլարի նախապես հայտարարված ծրագրերը: Դրանում դեր խաղացին ինչ-ինչ քաղաքական նկատառումներ:

6. Արմթեք կոնգրեսը.

Բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված չորրորդ ամենամյա «ԱրմԹեք Կոնգրես» համաժողովն այս տարի անցկացվեց Երեւանում («ԱրմԹեքըԿոնգրես»-ի համաժողովները հերթով անցկացվում են ԱՄՆ-ում եւ Երեւանում) եւ զարմացրեց իր ներկայացուցչական կազմով: Synopsys Inc-ի նախագահ, դոկտոր Չի-Ֆուն Չանի, D-Լink-ի փոխնախագահ Թոմաս Հուանգի, այլ հայտնի տեխնոլոգիական ընկերությունների առաջին կամ երկրորդ դեմքերի ներկայությունը վկայում է, որ տեխնոլոգիական աշխարհը լուրջ է վերաբերում հայկական տեխնոլոգիների ապագային:  Նոր ընկերություններ են մուտք գործում հայկական շուկա (սինգապուրյան ST Kinetics-ն, լատվիական «Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսը»), հիմնվում են ՏՏ հեռանկարային կենտրոններ:

7. Moody’s-ի վարկանիշը.

Doing business-ում որոշ առաջընթաց ունենալուց հետո Moody’s-ն իսկական սառը ցնցուղ լցրեց հայկական կառավարության ոգեւորության վրա` մեր Ba2 վարկանիշին բացասական հեռանկար ավելացնելով: Հաշվի առնելով հայերի ավանդական կոմլեքսավորվածությունը` «մեր մասին ինչ են մտածում օտարները» առումով, նույնիսկ «Ֆորբսի» նման դիլետանտական հանդեսները կարող են իսկական քաղաքական իրարանցում առաջացնել ինչ-որ վարկանիշ շնորհելով կամ նվազեցնելով: Բայց Moody’s-ի պրոֆեսիոնալիզմը ոչ ոք չի վիճարկում, թերեւս բացի ԱՄՆ կառավարությունից, որը մի քանի տրիլիոն դոլարի սխալ գտավ այդ կազմակերպության հաշվարկներում, ինչ է, թե ԱՄՆ-ի բարձրագույն AAA-ն դարձավ AAA-: Ինչպես ասում են`երանի նրանց խնդիրները մերը լինեին, մենք մեր սպեկուլյատիվ Ba2-ին էինք հարմարվել:

8. ՏՄՊՊՀ-ի ակտիվացումը.

Այս տարի աննախադեպ ակտիվ էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Կարագի, կաթնամթերքի, սուրճի եւ այլ շուկաներում կատարած բացահայտումներն աղմկահարույց էին: Չի կարելի ասել, թե այդ աղաղակող խախտումները, որ ազգային գենոֆոնդն են վտանգում, վերջերս են ի հայտ եկել: Ուղղակի անբարեխիղճ մրցակցության նկատմամբ խստացված մոտեցում առաջին անգամ է ի հայտ գալիս, ու դա որոշակիորեն սկսել է ազդել շուկայի խաղի կանոնների վրա:

9. Գնաճի կարգավորումը.

Երկամյա ընդմիջումից հետո գնաճի տեմպը տարեւերջում «մտավ» թույլատրելի միջակայք` 4+-1.5 %: Սա կարեւոր հանգամանք էր, թեեւ նշենք, որ միջազգային շուկայոմ իրավիճակը նպաստում է Հայաստանում գների կայունացման վրա: Միայն հոկտեմբերից հնարավոր եղավ արձանագրել, որ գների աճը ետ է մնում աշխատավարձի աճից, այնինչ վերջին տարիներին ճիշտ հակառակ միտումն էր:

10. Հարկային փաթեթը.

Տարեւերջին կառավարությունը բոլորին զարմացրեց իր նոր հարկային փաթեթով: Տարին սկսվեց փոքր բիզնեսին ազատելով ավելացված արժեքի հարկից, իսկ ավարտվեց նրանով, որ հանքարդյունաբերության վրա լրացուցիչ հարկեր մտցվեցին: Ի հայտ եկավ նաեւ շքեղության հարկը, սակայն դրա շուրջն աղմուկն ավելի շատ էր, քան ակնկալիքներն են: Հավասարեցվեց տեղական ու ներմուծվող ապրանքների ակցիզը` Հայաստանը ստիպված է տեղի տալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ճնշումներին:

 

Տարբերակը` Սամվել Ավագյանի