«Վրացական երազանք» իշխող կուսակցությունն ակնկալում է, որ 2025 թվականի աշնանը կայանալիք տեղական ընտրություններում կհաղթի երկրի բոլոր 64 շրջաններում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

«Համենայն դեպս, ընդդիմությունը դատապարտված է ծանր պարտության բոլոր 64 մունիցիպալիտետներում, մենք հաղթելու ենք և՛ քաղաքապետի, և՛ սակրեբուլոյի ընտրություններում երկրի բոլոր 64 մունիցիպալիտետներում»,- հայտարարել է նա։

Կոբախիձեն նշել է, որ «խորհրդարանական ընտրություններում գրանցվածից ավելի լավ արդյունքի հասնելու հավակնությունները» հիմնավորված են վերջին հարցումների արդյունքներով։ Սակայն նա չի նշել, թե որ հարցումների մասին է խոսքը։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընդդիմությունը ընդունում է բոյկոտի հնարավորությունը, սակայն ընդգծում է, որ որոշումներ կայացնելիս չեն շտապելու։ «Վրացական երազանքը» հակառակորդներին խոստանում է «ծանր պարտություն, ամեն դեպքում»։