«Ցավոք, ես չեմ կարող ամբողջապես բացառել մեր կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, քանի որ միջազգային օրենքների հիման վրա մենք ունենք լիարժեք իրավունք՝ վերականգնելու մեր տարածքային ամբողջականությունը, որը կասկածի տակ չի դրվում աշխարհի եւ ոչ մի երկրի կողմից»,-ասել է Ադրբեջանի նախագահը Լոնդոնում։ Դրանով իսկ, իր հռետորության փոփոխության առումով Ադրբեջանի նախագահը լավատեսության որեւէ առիթ չի թողել։ Միաժամանակ, համանախագահների տարածաշրջան վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Բրայզան Ալիեւի հռետորության փոփոխությունը բանակցություններում դրական աճ է համարել։ «պարանի ձգման» քաղաքականությունը, ընդհանրապես, ադրբեջանական պաշտոնյաներին բնորոշ քայլերից է։ Չնայած բանակցային գործընթացում առաջընթացի հերթական հայտարարություններից հետո՝ պաշտոնական Բաքուն յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ Հայաստանին ու ողջ աշխարհին սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ փորձելով նոր զիջումներ կորզել։ Այս անգամ Սարգսյան-Ալիեւ հանդիպման նախաշեմին, նամանավանդ հակասությունները հաղթահարելու եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների հորդորի համապատկերում պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարությունները շատ ավելի անտեղի են։
Աստիճանաբար այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմը նույնպես պատրաստ է կամ ստիպված է գնալ զիջումների, սակայն չի հասկանում ինչպես այն համակցի սեփական ռազմատենչ քարոզչությանը։ Դրան գումարած՝ վերջին օրերին պաշտոնական Բաքուն բացահայտ պատրաստվում է ձախողել բանակցությունների ընթացքը, որի նպատակով տարբեր աստիճանի պաշտոնյաների շուրթերից նորից ու նորից հնչում են պահանջներ, որոնց իրագործումը հնարավոր չէ։ Մեկ ասվում է, որ ԼՂՀ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկ՝ կրկին բացառում են ԼՂՀ գոյության հնարավորությունը Ադրբեջանի տարածքից դուրս։ Այստեղ աչքի է ընկնում հակասություն։ Ալիեւը ընդունում է, « որ ինչ-որ կարգավիճակ Ղարաբաղը կունենա», զգույշ եւ ոչ երկմիտ հասցնելով ադրբեջանական հասարակայնությանը՝ ԼՂՀ ինքնորոշման եւ կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, իհարկե, բացարձակ կանխատեսելի արդյունքով՝ անկախության օգտին։ Սակայն, այնուհետեւ, խոսելով բանակցությունների ընթացքի դրական զարգացումից, կրկին գնում է դեպի իր բառացի ձախողման. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի ճանաչվի որպես անկախ պետություն։ Նման բան ակնկալելը բացարձակ անմտություն է։ Մենք հասկանում ենք Հայաստանի մտահոգությունը եւ պատրաստ ենք քննարկել համապատասխան հարցերը։ Մենք պատրաստ ենք ինքնորոշման անհրաժեշտ աստիճան տրամադրել Լեռնային Ղարաբաղին, սակայն միայն միասնական ադրբեջանական պետության շրջանակներում»,- Իլհամ Ալիեւի այս խոսքերը ընդգծում են պաշտոնական Բաքվի վարած քաղաքականության անհեթեթությունը։
Քանի որ, եթե ադրբեջանական իշխանությունները համաձայն են Ղարաբաղի կարգավիճակի ինքնորոշման առնչությամբ հանրաքվե անցկացնելուն, ապա սեփական դիվանագիտության նույնիսկ «ֆանտաստիկ» ունակությունների դեպքում չեն կարող չգիտակցել, որ տվյալ կարգավիճակը ոչ մի կերպ չի կարող լինել ավելի ցածր, քան ներկայիս իրական կարգավիճակը։ Եթե, իհարկե, Ադրբեջանը չի ցանկանում պատերազմ վերսկսել տարածաշրջանում։ Իսկ միջազգային միջնորդները, հենց նույն եվրոպացիները բացարձակ հանգստությամբ չեն արձագանքում ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող պատերազմի վերսկսման սպառնալիքներին։ Տպավորությունն այն է, որ նրանք արդեն վստահ են, թե իրենց հայտարարությունները ամեն անգամ «կանխարգելիչ» արդյունք են տալիս, բայց չէ որ ինչպես ասում են՝ «պապն ամեն անգամ փլավ չի ուտում»։



























