Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի, ասված է արմատականների թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որնունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասված է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ «պատրաստ է անհապաղ վերսկսել բանակցությունները Գազայում համապարփակ և մշտական հրադադարի շուրջ» և զգուշացրել, որ «շարունակական մարտական գործողությունները կարող են հանգեցնել անկլավում մնացած պատանդների մահվան»։
Իր հերթին, Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ Իդան Ալեքսանդրն արդեն հանձնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին և այժմ նրանց հետ ուղևորվում է Իսրայել, որտեղ նրան արդեն սպասում է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։
Նախօրեին ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ ազատ կարձակի Գազայի հատվածում պահվող Իդան Ալեքսանդրին։ Միաժամանակ, շարժումը շեշտել է, որ պատանդի ազատ արձակումը պետք է լինի Գազայի հատվածում կրակի դադարեցմանն ուղղված միջոցառումների մաս, ներառյալ՝ անկլավի հետ սահմանին բոլոր անցակետերի բացումը և այնտեղ մարդասիրական օգնության ներմուծումը։
Ապրիլի 15-ին շարժումը հայտարարել էր, որ Իդան Ալեքսանդրի կալանավայրը ենթարկվել է իսրայելական ռմբակոծության, և որ նրան պահպանող զինյալների հետ կապը կորել է։ Նրա վիճակի մասին այլ պաշտոնական տեղեկություններ չկային։





























