Ըստ ուկրաինացի պաշտոնյաների և սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի, Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով աննախադեպ հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքի խորքում՝ թիրախավորելով մի քանի բազաներում տեղակայված տասնյակ ռազմավարական ռմբակոծիչներ, գրում է Axios-ը։

Լայնածավալ հարձակումը, որը Կիևում անվանել են «Սարդոստայն», տեղի է ունեցել քիչ առաջ նրանից, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ երկուշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցությունների համար պատվիրակություն է ուղարկում՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ։

Ուկրաինան նախապես տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հարձակման մասին, հայտնել է ուկրաինացի պաշտոնյան։

Ուկրաինացի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ գործողությունն իրականացվել է երկրի անվտանգության ծառայության կողմից և պլանավորվել է ավելի քան մեկ տարի։ Նա նշել է, որ հետախուզության աշխատակիցները հարվածային անօդաչու թռչող սարքեր են արձակել բեռնատարներից, որոնք գաղտնի կերպով տեղակայված են եղել ռուսաստանյան ավիաբազաների մոտ, որոնցից մեկը գտնվում է Սիբիրում՝ Ուկրաինայից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։

Նշվում է, որ հարձակման հետևանքով խոցվել է մոտ 40 ռուսաստանյան ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ։

Ուկրաինացի պաշտոնյան հայտարարել է, որ հարձակման ենթարկված ինքնաթիռները օգտագործվել են ռուսաստանյան զինվորականների կողմից ուկրաինական քաղաքների վրա օդային հարվածներ հասցնելու համար։