Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականներն ուսումնասիրել են ողջ Եվրոպայից 6-11 տարեկան 1160 երեխայի տվյալները հետազոտության համար, որի արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։
Երեխաները գնահատվել են՝ օգտագործելով ընտանեկան բարեկեցության միջազգային սանդղակը, որը հիմնված է մի շարք գործոնների վրա, ներառյալ՝ երեխայի սեփական սենյակի առկայությունը և ընտանիքում տրանսպորտային միջոցների քանակը։
Թելոմերները քրոմոսոմներում հայտնաբերված կառուցվածքներ են, որոնք կարևոր դեր են խաղում բջիջների ծերացման և ԴՆԹ-ի ամբողջականության գործում, և դրանց դեգրադացիան կապված է ծերացման հետ։ Տարիքի հետ թելոմերները կարճանում են։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել կապ թելոմերների երկարության և քրոնիկ հիվանդությունների միջև, ինչպես նաև այն, որ սուր և քրոնիկ սթրեսը կարող է կրճատել թելոմերների երկարությունը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր բարեկեցություն ունեցող խմբի երեխաների թելոմերները միջինում 5%-ով ավելի երկար են, քան ցածր բարեկեցություն ունեցող խմբի երեխաներինը։ Պարզվել է, որ աղջիկների թելոմերները միջինում 5,6%-ով ավելի երկար են, քան տղաներինը, մինչդեռ մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս (ՄԶԻ) ունեցող երեխաների թելոմերներն ավելի կարճ են եղել 0,18%-ով՝ ճարպային զանգվածի յուրաքանչյուր տոկոս ավելացման դեպքում։ Միջին և բարձր բարեկեցություն ունեցող խմբերի երեխաների մոտ կորտիզոլի մակարդակը 15,2-22,8%-ով ցածր է, քան ցածր բարեկեցություն ունեցող խմբի երեխաներինը։
«Մեր արդյունքները ցույց են տալիս հստակ փոխկապակցվածություն ընտանիքի բարեկեցության և բջջային ծերացման հայտնի մարկերի միջև, ընդ որում՝ պոտենցիալ ցմահ օրինաչափությունները ձևավորվում են երեխայի կյանքի առաջին տասնամյակի ընթացքում», - նշել է հետազոտության ավագ հեղինակ, Հանրային առողջապահության կայսերական դպրոցի ներկայացուցիչ դոկտոր Օլիվեր Ռոբինսոնը։