Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր` հունվարի 12-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ կանանց դերին ոստիկանությունում, ինչպես նաեւ իրեն մականուն կպցնելու մասին խոսակցություններին: Ոստիկանապետն այդ հարցերին պատասխանեց կատակներով: «Կանայք, կներեք արտահայտությանս համար` նույնպես մարդ են»,- ասաց Վ. Գասպարյանը: Նրա խոսքով` ամբողջ աշխարհում կանայք ընդգրկված են իրավապահ համակարգում, եւ դրական են ազդում համակարգի գործունեության վրա: «Տեսեք` ի՞նչ եք անում իմ հետ (նկատի ունի հարցեր տվող կին լրագրողներին,-խմբ): Ո՞նց կարող ա կանայք չլինեն այդ համակարգում, ես ավելին` գտնում եմ, որ կինը, հատկապես հայ կինը` ավելի զսպող է»,- հայտարարեց Վ. Գասպարյանը: 

Ինչ վերաբերում է մականուն ստանալու հավանականությանը (մասնավորապես` ռեմբո, թիթիզ եւ այլն), ոստիկանապետն ասաց հետեւյալը. «Ես ուզում եմ ֆիքստուլի, թիթիզի ու լոպազի տարբերությունը, այնուամենայնիվ, հասկանալ: Ֆիքստուլն այն մարդն ա, որ ֆիքսում ա այն, ինչ որ կա: Թիթիզը փուչիկ ա, որ ուզում ա ձեն հանի, որ իրանից ինչ որ բան ներկայացնում ա.. Չեմ կարծում, որ ինձ կարող ա կպնի մականուն, մականուն կպցնող չի կարող լինել, ես մականունավոր մարդ չեմ, ես ունեմ Աստծուց տված անուն, ես կրում եմ իմ անունը` ծնողներիցս ստացած…»: