Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հունվարի 9-ին վերսկսել է մարզումները Ռուսաստանի «Խիմկի» ակումբի կազմում: Թիմն առաջիկայում հավաքի կմեկնի Թուրքիա: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի հավաքականի վետերանի հետ:
Ռոման, ինչպե՞ս դասավորվեց քեզ համար 2011 թվականը:
Հաշվի առնելով ազգային հավաքականի խաղը` ես գոհ եմ: Իհարկե, մենք կցանկանային հասնել ավելի լավ արդյունքի, սակայն ես հիշում եմ մեր խաղերը եւ կարծում եմ, որ այս թիմը կարող է ավելին անել: Հայաստանի հավաքականը ոչ մի թիմի չի զիջել խաղով եւ կարող էր հաղթել յուրաքանչյուր մրցակցին: Դա է անցած տարվա գլխավոր ձեռքբերումը:
«Խիմկիի» մասին ի՞նչ կասես:
Այստեղ այլ նպատակներ ու խնդիրներ են: «Խիմկին» խաղում է առաջին լիգայում եւ, բնականաբար, մակարդակն ու խաղերի լարվածությունը չի կարելի համեմատել հավաքականի խաղերի հետ: Ամեն մրցաշրջանի մեկնարկից առաջ կազմը մշտապես փոխվում է եւ դժվար է մեծ հաջողությունների հասնել:
Իռլանդիայում կայացած հանդիպումը դեռ երկար կմնա ֆուտբոլասերների հիշողությունում: Ի՞նչ զգացիր, երբ մրցավարը հանեց կարմիր քարտը:
Անկեղծ ասած, ես, նույնիսկ, չհասցրեցի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Ես շոկի մեջ էի: Կարճ դադար, եւ ես ոչինչ չէի հասկանում: Ցավային շոկ էր, որից ես պապանձվել էի: Հիմա, երբ ես թենիս եմ խաղում ուժեղ մրցակցի հետ` հագնում եմ այն մարզաշապիկը, որով խաղում էի Դուբլինում (ծիծաղում է):
2014թ. աշխարհի առաջնության ընտրական մցաշարում Հայաստանի հավաքականն ի՞նչ հնարավորություններ ունի:
Այս խումբն ավելի ուժ է, բայց մեր թիմը հավատում է իր ուժերին: Մեր ֆուտբոլիստները վստահություն են ձեռք բերել: Այս կազմը խաղացված է, իսկ ամենակարեւորն այն է, որ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս եւ այնտեղ են թողնում բոլոր ուժերը: Պետք է լավ ստացվի:
2011թ. դեկտեմբերին Հայաստանի հավաքականին նվիրված երեկոյի ընթացքում դու երկրի նախագահից ստացար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ: Սպասո՞ւմ էիր, որ հենց այդ գնահատականին կարժանանաս:
Անկեղծ լինեմ. պարգեւի սպասում էի, բայց ոչ այդ աստիճանի բարձր: Դա լիովին այլ է: Այդ պարգեւը պարտավորեցնում է: Այնպես որ, ես ստիպված եմ լինելու ամեն ինչ նորից ապացուցել: Ամեն մարզիկ չի ստանում պարգեւ նախագահից: Իսկ ես արդեն երկու անգամ եմ արժանացել այդպիսի պատվի:
Հավաքականում դու եւ Սարգիս Հովսեփյանը համարվում եք վետերան, իսկ ձեր խաղընկերներն այժմ երիտասարդներ են: Դրանից մթնոլորտը թիմում որեւէ կերպ փոխվե՞լ է:
Երիտասարդներն այլ կերպ են մտածում, այլ սերունդ է: Երիտասարդ խաղացողներն ունեն մեծ ինտելեկտ, գիտեն օտար լեզուներ եւ շատ կարգապահ են: Մենք մեծացել ենք այլ միջավայրում: Պետք է նշել Ռուբեն Հայրապետյանի մեծ աշխատանքը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը շատ բան է արել, որպեսզի թիմը մտածի ու խաղա այնպես, ինչպես հիմա:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը



























