2011թ. դեկտեմբերի 30-ին բանակում ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվանից հետո, պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ անկախ հանձնաժողով` պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանը` հավելելով, որ հանձնաժողովում ընդգրկված են եւ՛ զինվորականներ, եւ՛ Հայաստանի ինֆեկցիոնիստ գլխավոր մասնագետները:
«Կարծում եմ` հանձնաժողովը դատաբժշկական փորձաքննության արդյունքում կկարողանա ճիշտ որոշում կայացնել հիվանդության, նրա ընթացքի, բուժման եւ մյուս հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովը շուտով` մեկ-երկու օրվա ընթացքում կամփոփի աշխատանքները եւ կներկայացնի իր տեսակետները»,- նշել էր նա: Հարցին, թե ինչպիսի՞ ախտանշաններ են ի հայտ եկած եղել ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մոտ, հնարավո՞ր չէր արդյոք փրկել զինվորի կյանքը, գնդապետ Փասրադանյանը պատասխանել է, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում որոշվել է, որ հիվանդի մոտ կա ջրծաղիկ` նրա վիստերիալ ձեւը, այսինքն` ներքին օրգանների ախտահարող ձեւը, ջրծաղիկային էնցիֆալիտ, ծանր ինտոկսիկացի, դիվերս սինդրոմ` հեմորագիր զարգացումներով: «Իսկապես զինվորի մոտ շատ արագ, ես կասեի` կայծակնային արագությամբ, զարգացել է ջրծաղիկի այս տարատեսակը, որը ոչ թե ջրծաղիկի բարդություն է համարվում, այլ ջրծաղիկի հիվանդության այլ տեղակայում: Այն կարող է ախտահարել որովայնի բոլոր օրգանները, կրծքավանդակի օրգանները եւ կենտրոնական նյարդային համակարգը, ինչպիսին գլխուղեղն է, որի նշանները այդ զինվորի մոտ եղել են: Զարգացումները շատ արագ են եղել: Իհարկե, իրականացվել են կանխարգելիչ, բուժիչ համապատասխան համալիր միջոցառումներ` ներառելով ժամանակակից բոլոր դեղորայքները, բուժումները, այնուամենայնիվ, այս հիվանդությունը, որպես ջրծաղիկի տարատեսակ, իր ընթացքով, էությամբ, բուժումով եւ ելքով անկանխատեսելի է: Նախկինում էլ եղել են նման հիվանդներ. 2011 թվականին նույն Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, ոչ զինվորական երկու հիվանդ եւ երկուսն էլ, այսպես ասած, վատ վախճանով: Կարող եմ միանշանակ ասել, որ այս հիվանդությունից շատ քչերն են բուժվել»,- ասել է բուժվարչության պետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թվականի հունիսի 1-ին բանակ զորակոչված Հայկ Մովսեսի Խաչատրյանը զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով դեկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 11:40 մահացել է ջրծաղիկ հիվանդությունից` թողնելով անպատասխան հարցերի մի շարան:
Հայկի հայրը որդու հետ վերջին խոսակցությունների ժամանակ պարզել է, որ զորամասում Հայկի՝ առողջական վիճակից բողոքներին ի պատասխան, նրան մեղադրել են «սիմուլյանտության» մեջ եւ ստիպել են վազել 10 կիլոմետր: Դեկտեմբերի 29-ին՝ Հայկի մահվանից մեկ օր առաջ, նրա որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր: Հիվանդանոցի բժիշկները հարազատներին բացատրել են, թե մտահոգվելու առիթ չկա, եւ, որ բուժումն արդյունավետ կլինի, սակայն հայրը ստիպել է, որպեսզի որդուն թույլ տան տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ 18-ամյա Հայկ Խաչատրյանը մահացել է: Մահվան պատճառը հարազատների համոզմամբ՝ զորամասի հրամանատական եւ բուժանձնակազմերի անտարբերությունն է:




























