Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն այսօր` հունվարի 16-ին, ժամը 12.00-ին կլինի Ազգային ժողովում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Նա հաստատեց NEWS.am-ի ավելի վաղ հայտնած տեղեկությունը, ըստ որի ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներից Աքսել Ֆիշերը, առողջական խնդիրների պատճառով, հունվարի 16-17-ին չի ժամանի Հայաստան:
Գ. Պողոսյանը նշեց, որ Ջոն Պրեսկոտն Ազգային ժողովում հանդիպելու ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության հետ: Նրա խոսքով` ժամը 13.00-ի ընդմիջումից հետո համազեկուցողը կվերադառնա ԱԺ եւ կշարունակի հանդիպումները 5 խմբակցությունների հետ: Վաղը` հունվարի 17-ին, նախատեսվում է հանդիպում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 16-17-ին, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը փաստահավաք այցելություն կկատարեն Երեւան: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ արդարադատության համակարգի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` քննարկումների ժամանակ ուշադրության կենտրոնում կլինեն անցած տարի ԵԽԽՎ-ի ընդունած թիվ 1837 բանաձեւի պահանջների կատարման ընթացքը, որոնք վերաբերում են, մասնավորապես, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությանը, ոստիկանության դեմ բողոքների անկախ մեխանիզմի ստեղծմանը եւ ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը եւ դիտարկման ընթացակարգի առաջնահերթ ոլորտները:




























