Հայաստանում ներկայումս 2,8-2,9 մլն մարդ է ապրում: Այս մասին այսօր` հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդագիր (դեմոգրաֆ) Գագիկ Եգանյանը` հավելելով, որ մեզ մոտ արձանագրվել է ծնելիության բացարձակ թվի նվազում, որը լինելու է տեւական եւ հարաճուն երեւույթ, քանի որ ծնող տարիք է մտնում 90-ականներին ծնված փոքրաքանակ սերունդը: Նրա կարծիքով` հեռու չէ այն օրը, երբ մեզ մոտ ծնվածների բացաձակ թիվը կսկսի ավելի քիչ լինել, քան մահացողներինը:

«Մենք վաղուց ենք ոտք դրել վտանգավոր շեմ, մեր բնակչության թվաքանակը գնալով նվազում է: Գալու է այն պահը, որ բնակչության թվաքանակը սկսելու է նվազել ոչ միայն բացասական միգրացիայի արդյունքում, այլեւ բացասական վերարտադրողականության արդյունքում»,- ասաց Գագիկ Եգանյանը: Ժողովրդագրի խոսքով` մեզ մոտ հիմնականում աշխատանքային միգրացիա է, Հայաստանից մեկնում են ակտիվ աշխատանքային վերարտադրական տարիքի մարդիկ, որպեսզի կարողանան ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը:

Ինչ վերաբերում է այստեղից մեկնողների տեղը ներգաղթով լրացնելուն, Գագիկ Եգանյանը կարծում է, որ հազիվ թե Մերձավոր Արեւելքի բնակչությունը կարողանա գալ Հայաստան, ինտեգրվել:

Ասուլիսի մյուս բանախոսը`ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը նշեց, որ միգրացիան ունի ոչ միայն ժողովրդագրական, այլեւ տնտեսական, իրավական եւ մշակութային ասպեկտներ: «Եթե Հայաստանի իշխանությունները խնդիր դնեին երկրի զարգացման եւ ունենային զարգացման ստրատեգիական ծրագիր, որի մեջ կմտներ նաեւ տարբեր տեսակի ոլորտների զարգացումը, ապա նրանք կհասկանային, որ իրենց անհրաժեշտ են տարբեր տեսակի մարդկային ռեսուրսներ, որոնք զարգացման երաշխիքը կլինեին: Միգրացիան, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, շատ բնական պրոցես է, բնական արձագանքն է այն քաղաքականության եւ այն արձագանքին, որը ստեղծվել է երկրում այսօր տարվող քաղաքականության հետեւանքով»,- ասաց նա: