Արաբալեզու հեղինակավոր «Ալ-Վատան Ալ-Արաբի» շաբաթաթերթի հունվարի 11-ի համարում հրապարակվել է ընդարձակ հարցազրույց Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի հետ: Հարցազրույցում համակողմանիորեն ներկայացվել են ՀՀ անկախության տարիների ընթացքում հայ-եգիպտական համագործակցության ձեռքբերումները եւ հեռանկարները, պատմականորեն հայերի ունեցած նշանակալից ներդրումը Եգիպտոսի եւ այլ արաբական երկրների հասարակական, մշակութային կյանքում, ինչպես նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում տեղի ունեցող  զարգացումների շուրջ Հայաստանի մոտեցումները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Մելքոնյանն անդրադարձել է նաեւ Արցախի հիմնախնդրին` նշելով, որ ի տարբերություն պարբերաբար պատերազմական սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումների, Հայաստանը հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում: 

«Ալ-Վատան Ալ-Արաբի» շաբաթաթերթը, որի կենտրոնական խմբագրատունը գտնվում է Փարիզում, լայն տարածում ունի թե արաբական աշխարհում, թե Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող արաբների շրջանակում: