Սյունիքի մարզպետարանն արձագանքել է «168 ժամ» թերթի հունվարի 17-ի հրապարակած «Սյունիքի մարզպետը ՀԷԿ է բացելու» նյութին, նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:
Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է.
«Ծավ գետի վրա «Էներգոցանցշին» ԲԲԸ-ի կողմից կառուցվել եւ ներկայումս գործում է մեկ փոքր հզորության հիդրոէլեկտրոկայան: Նույն ընկերությունը նախատեսում է նույն գետի վրա կառուցել երկրորդ հիդրոէլեկտրոկայանը:
Թեեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ փոխվել է հողի նպատակային նշանակությունը, սակայն առ այսօր համայնքի կողմից հողամասի օտարում նշված կազմակերպությանը չի կատարվել:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված ընկերության հետ որեւէ առնչություն չունի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «168 ժամ» թերթի տեղեկությունների` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի Ծավ գյուղում պատրաստվում է երկու հիդրոէլեկտրակայան կառուցել: « Ըստ Ծավի բնակիչների` գյուղով անցնում է Բասուտա գետը, որտեղ արդեն մեկ ՀԷԿ կառուցվել է: Բնակիչները դժվարացել են նշել այդ ՀԷԿ-ի սեփականատիրոջ անունը, սակայն ասացին, որ իրենք բողոքի ալիք կբարձրացնեն նոր ՀԷԿ-երի կառուցման դեպքում»-գրել է «168 ժամ»-ը :



























