Թուրքիայի հարավային Հաթայ եւ Ադանա նահանգներում թուրքական զինվորականների կողմից նկատված իսրայելական անօդաչու սարքերը տեղեկատվություն են հավաքել եւ անմիջապես դրանք փոխանցել են PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։
Այս մասին գրում է թուրքական Milliyet-ը՝ նշելով, թե Իսրայելն իր այս քայլերով օգնում է PKK-ին, որպեսզի վերջինս հաստատվի Սիրիայում՝ Թուրքիայի Հաթայ եւ Ադանա նահանգների դիմաց։ Թուրքական հետախուզական ծառայությունում նշում են, թե շատ հավանական է, որ իսրայելական անօդաչու սարքերը հետախուզում են Թուրքիայի սահմանապահ զորամասերը՝ օգնելով PKK-ի զինյալներին հեշտությամբ ներթափանցել Թուրքիա։
Նշվում է, որ PKK-ի ռազմական թեւի պատասխանատուներից Ֆեհման Հուսեյնը գտնվում է Սիրիայում եւ աշխատանքներ է իրականացնում Թուրքիայի Հաթայ եւ Քիլիս նահանգների դիմաց PKK-ի ճամբարներ ստեղծել։
Թուրքական Star-ը գրում է, թե Իսրայելից ֆինանսական եւ նյութական աջակցություն է ուղարկվել թե PKK-ի հեռուստաընկերություններին եւ ռադիոներին։




























