Հուլիսի 18-ին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն է ընդունել: Այս մասին գրում է «Հետքը»։
Ի թիվս այլ միջոցների, ԵՄ-ն նախկինի նման պատժամիջոցներ է կիրառել աշխարհի տարբեր երկրներում գրանցված նավերի նկատմամբ, որոնց համարում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս:
«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում է հուլիսի 18-ին Եվրոպական խորհրդի ընդունած բանաձևում:
«Շուշա»
Վերոնշյալ 105 նավերի թվում է ադրբեջանական «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշիի ադրբեջանական տարբերակը) անունով նավը (IMO համարը՝ 9779941): ԵՄ-ն վերջինիս ներառել է «սեւ ցուցակ» այն հիմնավորմամբ, որ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:
Ադրբեջանական նավը ԵՄ պատժամիջոցների տակ է հուլիսի 20-ից:
250 մ երկարությամբ եւ 44 մ լայնությամբ «Շուշան» հում նավթի լցանավ (տանկեր) է, որը կառուցվել է 2017 թ. Հարավային Կորեայում: Դրա սեփականատերն ադրբեջանական SA Susha Shipholdings ընկերությունն է, իսկ շահագործողը՝ նույնպես ադրբեջանական ASCO Shipmanagement AFEZCO-ն, որը հիմնադրվել է 2023-ի հունվարին ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերության հիմքի վրա եւ սրա դուստր ձեռնարկությունն է: Սեփականատերն ու շահագործողը գրանցված են Բաքվի նույն հասցեում (մանրամասները՝ այստեղ):
ASCO Shipmanagement AFEZCO-ի հիմնադրումից ընդամենը 5 ամիս անց՝ 2023-ի հունիսին, այս լցանավը սկսել է լողալ ադրբեջանական դրոշի ներքո՝ ստանալով «Շուշա» անունը: Իսկ 2017-2023 թթ. այն նավարկել է Մարշալյան Կղզիների դրոշի տակ եւ կրել «Արիստոկլիս» (Aristoklis) անունը:
Ներկա պահին «Շուշան» լողում է Միջերկրական ծովում (հուլիսի 14-ին դուրս է եկել Թուրքիայի «Նեմրութ» նավահանգստից, ժամանումը վերջնակետ նախատեսված է հուլիսի 27-ին): Ադրբեջանական այս լցանավի նավարկության վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում այն նավարկում է Թուրքիայի (Էգեյան ծովի ափին գտնվող «Նեմրութ» նավահանգիստ) եւ Ռուսաստանի (Լենինգրադի մարզի Պրիմորսկ քաղաք, Բալթիկ ծովի ափին) միջեւ:
«Ղարաբաղ»
ԵՄ-ն հուլիսի 18-ին պատժամիջոցներ է կիրառել (մեկնարկը՝ հուլիսի 20-ից) նաեւ ադրբեջանական «Ղարաբաղ» (Karabakh) լցանավի նկատմամբ (IMO համարը՝ 9810513): Հիմնավորումը նույնն է՝ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:
«Ղարաբաղը» եւս 250x44 մ չափերով նավ է, որը նախատեսված է հում նավթ տեղափոխելու համար: Այն կառուցվել է 2018 թ. Ճապոնիայում: Սրա սեփականատերը SA Karabakh Shipholdings-ն է, տեխնիկական կառավարիչը (ISM manager), որը պատասխանատու է նավի տեխնիկական շահագործման համար, ASCO Shipmanagement AFEZCO-ն է (ASCO-ի դուստրը), իսկ կոմերցիոն կառավարիչը (commercial manager), որն զբաղվում է բեռնափոխադրումների կազմակերպմամբ, կրկին SA Karabakh Shipholdings-ն է։ Այս ընկերությունները գրանցված են Բաքվի նույն հասցեում (մանրամասները՝ այստեղ):
«Շուշայի» նման «Ղարաբաղը» եւս 2023-ի հունիսին է մտել ադրբեջանական դրոշի տակ ու ստացել ներկա անունը: Իսկ 2018-2023 թթ. այն լողացել է Լիբերիայի դրոշի ներքո ու կրել «Սպերխիոս» (Sperchios) անունը:
«Ղարաբաղի» նավարկությունների վիճակագրությունը նույնպես ցույց է տալիս, որ վերջին շրջանում այն բեռ է տեղափոխում թուրքական «Նեմրութի» եւ ռուսական Պրիմորսկի միջեւ: Մասնավորապես՝ վերջին անգամ լցանավը հուլիսի 8-ին դուրս է եկել Պրիմորսկից ու այսօր՝ ամսի 24-ին, խարիստ գցել «Նեմրութ» նավահանգստի մոտ:
«Զանգեզուր»
Այդուհանդերձ, «Շուշան» ու «Ղարաբաղն» Ադրբեջանի դրոշի տակ լողացող նավերից առաջինը չեն, որ հայտնվել են ԵՄ «սեւ ցուցակում»: Մասնավորապես՝ այս տարվա մայիսի 20–ին ընդունված բանաձևով Եվրոպական խորհուրդը նույն հիմնավորմամբ նույնպիսի պատժամիջոցներ է կիրառել (մեկնարկը՝ մայիսի 21-ից) հում նավթ տեղափոխող «Զանգեզուր» (Zangazur) լցավանի նկատմամբ (IMO համարը՝ 9420617):
243x42 մ չափերով այս նավը կառուցվել է 2010 թ. Ճապոնիայում: Ըստ տեղեկատուների՝ նախապես նավարկել է Պանամայի դրոշի տակ ու կրել «Շահ Դենիզ» (Shah Deniz) անունը, հետո սկսել է լողալ Մալթայի դրոշի ներքո: 2018-2021 թթ. կոչվել է «Զարիֆա Ալիեւա» (Zarifa Aliyeva), իսկ 2021-2023 թթ.՝ «Սիլվեր» (Silver): 2023-ի աշնանից նավը լողում է Ադրբեջանի դրոշի ներքո եւ «Զանգեզուր» անվան տակ:
Նավի սեփականատերն ադրբեջանական SA Zangazur Shipholdings-ն է, տեխնիկական կառավարիչը կրկին ASCO Shipmanagement AFEZCO-ն է, իսկ կոմերցիոն կառավարիչը նույնպես ադրբեջանական SA Maritime AFEZCO-ն է. սա էլ իր հերթին ASCO-ի ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի համատեղ ձեռնարկությունն է: «Զանգեզուրի» սեփականատերն ու տեխնիկական եւ կոմերցիոն կառավարիչները գրանցված են Բաքվի նույն հասցեում եւ, ինչպես տեսնում ենք, փոխկապակցված են վերոնշյալ ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերությանը (մանրամասները՝ այստեղ):
Տարօրինակ չպիտի համարել, որ «Շուշայի» ու «Ղարաբաղի» նման «Զանգեզուրը» եւս վերջին շրջանում նավարկել է թուրքական «Նեմրութ» նավահանգստի ու ռուսական Պրիմորսկ քաղաքի միջեւ: Ըստ տեղեկատուների ամենավերջին տվյալների՝ «Զանգեզուրը» մայիսի 27-ից խարիսխ է գցել Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ:
Հավելենք, որ «Զանգեզուր» լցանավը ԵՄ-ից առաջ՝ մայիսի 9-ին, ի թիվս բազմաթիվ այլ նավերի, իր «սև ցուցակ» էր ներառել Մեծ Բրիտանիան: Հիմնավորումն այն էր, որ այս նավը կիրառվում է՝ ռուսական ծագման նավթ տեղափոխելու համար:
«Ռուսաստանի ստվերային նավատորմն այսօր հարված կստանա պատմության մեջ ամենամեծ պատժամիջոցների փաթեթով, ինչը կուժեղացնի ճնշումը Պուտինի վրա եւ կպաշտպանի Միացյալ Թագավորության ու Եվրոպայի կարեւորագույն ազգային ենթակառուցվածքները»,- մայիսի 9-ին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նույն փաթեթի շրջանակներում Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել նաեւ 5 ադրբեջանցիների հանդեպ: Վերջիններս, ըստ բրիտանական կառավարության, մասնակցում կամ մասնակցել են Ռուսաստանի կառավարությունից օգուտ ստանալուն կամ վերջինիս աջակցելուն նրա համար ռազմավարական նշանակության ոլորտում, այն է՝ ռուսական էներգետիկ սեկտորում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




























